Գյումրիի “Մուշ-2”-ում, Ախուրյանում եւ մյուս գյուղական բնակավայերում շարունակվում է շինարարությունը
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակներում Գյուրիի “Մուշ-2” թաղամասում, Ախուրյանում եւ Լոռու մարզի Ջրաշեն, Շիրակամուտ, Կաթնաջուր, Հարթագյուղ, Գոգարան գյուղական բնակավայրերում շարունակվում են ընթանալ շինարարական աշխատանքները:
Վերոնշյալ բնակավայրեր աշխատանքային այցի արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ Գյումրիի “Մուշ-2” թաղամասի թվով 8 լրացուցիչ բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում ընթանում են երկու փոսորակների բազալտե խճից հարթեցնող, բետոնի նախապատրաստական շերտերի տեղադրման աշխատանքները, մեկ փոսորակի հիմքերի մետաղական ամրանակմախքների տեղադրման եւ երրորդ փոսորակի հողային աշխատանքները։ Շինարարական օբյեկտի վրա աշխատում է շինտեխնիկան։ Ախուրյանի թվով 3 բազմաբնակարան շենքերում աշխատում են պատաշարների եւ բետոնագործների բրիգադները։ Լոռու մարզի գյուղական 5 համայնքներում կատարվում են թվով 19 բնակելի տների հարդարման շինարարական աշխատանքները:
Ինչ վերաբերվում է “Մուշ-2” եւ “Անի” թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցին, որն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից, տեղեկացնենք, որ աշխատանքները նորմալ հունով ընթանում են եւ շահագործող “Արդինժեներինգ” ընկերության պատասխանատուների հավաստմամբ` պատրաստ կլինեն ջեռուցման սեզոնին:
Հիշեցնենք, որ աղետի գոտում բնակապահովման պետական ծրագրով ընթացող շինարարության ընթացքը ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի ամենօրյա հսկողության ներքո է, նախարարը շինարարության ընթացքին հետեւելու նպատակով պարաբերաբար այցելում է ծրագրով նախատեսված բնակավայրեր: