Հանդիպում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակության հետ
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ հանդիպում` Հայաստանում հիմնադրվող Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի նախաձեռնող խումբի հետ:
Քաղաքացիական շինարարության ֆրանս-հայկական ինստիտուտի ստեղծմանն ու կայունությանն աջակցության ասոցիացիայի (IASIFA-BTP) նախագահ, մոտ 15 հոգանոց ֆրանսիական պատվիրակության ղեկավար Միշել Կեւորկյանը խոսելով ինստիտուտի նախաձեռնության մասին նշեց, որ ինստիտուտի հիմանադրմամբ նպատակ ունեն ինժեներական կադրերի պատրաստմանը զուգընթաց նպաստել Հայաստանում շինարարության ոլորտում մասնագետների աշխատանքի ապահովմանը: Պարոն Կեւորկյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք մասնագետներ են պատրաստում շինարարության ոլորտում պահանջվող բոլոր մասնագիտությունների գծով` արհեստավորից մինչեւ նախագծող ինժեներներ:
ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանը վերահաստատեց քաղաքաշինության նախարարության պատրաստակամությունը շինարարության ոլորտի մասնագետների պատրաստման գործում այդքան կարեւոր` Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի, հիմնադրման հարցում: Նա ներկայացնելով հանրապետության շինարարության ներկա իրավիճակն ու մարտահրավերները շեշտեց, որ շինարարության ոլորտը հատկապես պրոֆեսիոնալ արհեստավորների կարիք ունի: Այդ առումով, ողջունելի է, որ Ֆրանսիական բարձրագույն ինստիտուտը կադրեր է պատրաստում ոչ միայն ինժեներական մասնագիտությունների գծով, այլ շինարարության ողջ սպեկտորը ներկայացնող արհեստավորների գծով: Պարոն Կարապետյանը ֆրանսիական կողմին դիմեց նաեւ շինարարության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման առաջավոր եվրոպական փորձի փոխանակման խնդրով:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին հետագա արդյունավետ համագործակցության առնչությամբ: