Նախարար Սամվել Թադեւոսյանի ելույթը` “Շինարարի օրվա” առթիվ
Մեծարգո պարոն վարչապետ,
Հարգելի շինարարներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում` աշխատանքային հաջողություններ, մասնագիտական ձեռբերումներ:
Այսօր այն բացառիկ օրերից է, երբ շինարարները հանդիպում են ոչ թե կառուցելու, աշխատելու ու արարելու, այլ մի պահ կանգ առնելու ու գնահատելու ստեղծածն ու կառուցածը: Այսօր հենց այն օրն է, երբ պետք է բարձրաձայնենք մեր հիացմունքը, հպարտությունն ու մեծարանքը հայ շինարարի հանդեպ:
Բոլոր ժամանակներում էլ եղել են դժվարություններ, հիմա էլ ոլորտում առկա մարտահրավերները վստահ եմ կկարողանան հաղթահարել մեր շինարարները, ճարտարապետները, շինարարական արդյունաբերողները: Այդ մարտահրավերների հաղթահարման գործում մասնագիտական հանրությանը մշտապես զորակից է քաղաքաշինության նախարարությունը: Միասին լուծենք ոլորտի հիմնախնդիրները եւ մեր հանրապետության քաղաքաշինական միջավայրը դարձնենք առավել հարմարավետ, կայուն, որակյալ եւ գեղեցիկ:
Ցավոք, շինարարության ոլորտի, հատկապես մասնավոր հատվածի, նախորդ տարվա ցուցանիշները համեստ են, ուստի կառավարությունը ոլորտի պատասխանատուների առջեւ խնդիր է դրել շինարարության ոլորտում ապահովել տնտեսական աճի ցուցանիշը, որին հասնելու համար կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պետական ծրագրերով սատարել ոլորտին: Մենք առիթ ունեցել ենք հանրության հետ քննարկելու ու վերհանելու գոյություն ունեցող հիմնախնդիրները` շինարարական ոլորտում աճի նորմալ, բնականոն ծավալները վերականգնելու նպատակով: Միասին ուրվագծել ենք այն ուղենիշները, որոնք կսահմանեն շինարարության ոլորտին պետական աջակցության ձեւաչափը: Չափազանց կարեւոր է շինարարության ոլորտում գործարար միջավայրի կայացման համար բավարար պայմանների ապահովումը: Ուստի քաղաքաշինության նախարարությունը մի կողմից հետեւողական է անհրաժեշտ իրավական դաշտի ապահովման հարցում, մյուս կողմից` մասնավոր ներդրողների աջակցման նախագծերի մշակման: Այս համատեքստում կուզենայի ընդգծել կառավարության այն հանձնարարականը, որով ինչպես արդեն ասացի, կսահմանվեն բանկային համակարգից շինարարության ոլորտի աջակցման հնարավորությունները, ինչպես նաեւ էլեկտրոնային շինարարական թույլտվությունների, մրցույթների կազմակերպման էլեկտրոնային համակարգի ներդրումը:
Նշեմ նաեւ, որ քաղաքաշինության նախարարության այս տարվա ռազմավարությունը նպատակաուղղված է շինարարության կազմակերպման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Այլ խոսքով ասած, նախարարությունը որդեգրել է հիմնարար բարեփոխումների իրականացման ճանապարհը: Վստահ եմ, ձեզանից յուրաքանչյուրը շինարարության ոլորտում աշխատանքներ իրականացնելիս իրավական դաշտում բախվում է բազմաթիվ հիմախնդիրների, որոնք ոչ մեկ տարվա վաղեմություն ունեն, վստահ եմ նաեւ, որ ձեզանից յուրաքանչյուրը չափազանց կարեւորում է նորմատիվատեխնիկական հիմնարար բազայի ստեղծումը: Ուստի, հրատապ է քաղաքաշինական նորմատիվային համակարգի արմատական բարեփոխումը: Հաշվի առնելով այս հանգամանքը, արդեն քաղաքաշինության նախարարությունը ձեռնամուխ է եղել շինարարական առաջնահերթ, կարեւորագույն նորմերի մշակմանը: Այս համակարգի մշակումը կարծում եմ էապես կնպաստի շինարարության կազմակերպման արդյունավետությանը:
Կարեւոր մի հանգամանք. նորագույն տեխնոլոգիաների մեր ժամանակներում չափազանց կարեւորվում է ցանկացած ոլորտում դրանց կիրարկումը եւ համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից ետ չմնալը: Այդ առումով կարող եմ փաստել, որ ներկայում մեր հանրապետության քաղաքաշինությունը լուրջ զարգացում է ապրել: Ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, օգտագործվում է ամենաառաջավոր տեխնիկա, շինանյութի նորագույն տեսակներ: Իսկ ավանդույթներ ունեցող հայ ճարտարապետական միտքը համալրվում է նոր, ժամանակակից մոտեցումներով ու բովանդակությամբ:
Միշտ է հայը հպարտացել իր ճարտարապետական կոթողներով, հուսով եմ այս պահին ներկաներից շատերի կառույցները տարիներ հետո կդառնան մեր ազգի հպարտության առարկան:
Հարգելի շինարարներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ ու ցանկանում աշխատանքային հաջողություններ: