Ճարտարապետությունը Աշոտ Հայկազունի նախագծերում է, գրքերում, նրա ջանքերով հիմնադրված թանգարանում
Հայաստանում ճարտարապետությանը նվիրված թանգարան-ինստիտուտի ստեղծման գործում մեծ ներդրում ունի ճարտարապետ Աշոտ Գրիգորյանը (Աշոտ Հայկազուն): Նրա ջանքերով 1990 թվականին հիմնադրված ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նա ղեկավարել է մինչև 2016 թվականը: Այսօր Աշոտ Գրիգորյանը Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղարն է:
Օրեր առաջ լրացել է հարգարժան գործընկերոջ ծննդյան 75-ամյակը, ինչի առիթով Քաղաքաշինության կոմիտեն, Հայաստանի ճարտարապետների պալատը, Շինարարների միությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ջերմորեն շնորհավորում են ճարտարապետության նվիրյալին՝ մաղթելով առողջություն, տոկունություն, ստեղծագործական անսպառ միտք, նոր նախաձեռնություններ և ձեռքբերումներ:
Աշոտ Հայկազունին ճանաչում են ոչ միայն որպես ճարտարապետ իր նախագծերով, այլև գիտական, ստեղծագործական, հրապարակախոսական գործունեությամբ: Նա հեղինակել է ավելի քան 200 գիտական հոդված, ուսումնասիրություն, հայկական ճարտարապետությունն ու մշակույթը ներկայացրել լրատվական հանդեսներում, զեկույցներով հանդես եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում:
Վերջին տարիներին նրա անմիջական ջանքերով և ուսումնասիրությունների արդյունքում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը լուսընծայել է իտալահայ ճարտարապետ Լևոն Կուրեղեանի, ճարտարապետ Ռոմեո Ջուլհակյանի, Պոլսահայ Պալյանների ճարտարապետական գերդաստանի գործունեությանը նվիրված գրքեր:
Աշոտ Հայկազունը մշակել է տարբեր նշանակության կառույցների նախագծեր, կատարել նաև գեղարվեստական դեկորատիվ աշխատանքներ: Իրականացրել է ցուցահանդեսների ձևավորումներ Հայաստանում և արտերկրում:
Գործունեության տարբեր բնագավառներում իր յուրատեսակ ավանդն ունենալով՝ ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյանը ոչ միայն Հայաստանի ճարտարապետների միության, այլև Հայաստանի նկարիչների, Դիզայներների, նաև Ժուռնալիստների միության անդամ է: Նրա երկարամյա նվիրված աշխատանքը բազմիցս գնահատվել է բարձրագույն պարգևներով, պատվոգրերով և դիպլոմներով:
Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նվիրյալ, «թանգարանով ապրող» Աշոտ Հայկազուն Գրիգորյանին, վստահաբար, հետազոտական հետաքրքրաշարժ, միաժամանակ պատասխանատու, երկար ուղի է դեռ սպասում: Քաղաքաշինության բնագավառին նվիրված նրա ուսումնասիրությունները մնայուն արժեք են սերունդների համար: