Պետություն-մասնավոր քննարկում՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի «TOON EXPO 2023» ցուցահանդեսի շրջանակում
Երևանում մարտի 31-ից ապրիլի 2-ը անցկացվել է «TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսը, որին հրավիրված է եղել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը:
Բացման արարողությանը նա, կոմիտեի անունից շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին, հատկանշական է համարել արտասահմանյան կազմակերպությունների աճող հետաքրքրությունը Հայաստանի կառուցապատման ոլորտի հանդեպ. «Սա գերազանց հնարավորություն է գործարար նոր կապերի հաստատման համար, ինչպես նաև կարևորագույն խթան է քաղաքաշինության բնագավառում ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավման ծրագրերի իրականացման համար»:
Ցուցահանդեսին հրավիրված ՀՀ էկոնոմիկայի նախարարը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրենը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահը շրջել են տաղավարներով, հետաքրքրվել ներկայացված առաջարկներով: Արդեն երկրորդ տարին անցկացվող ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր հավաքել անշարժ գույքի, կառուցապատման և հարակից 12 ոլորտները ներկայացնող 100-ից ավելի ընկերությունների:
Արտավազդ Թարխանյանը մասնակցել է նաև ցուցահանդեսի շրջանակում կայացած հարց-պատասխանի ձևաչափով հանդիպմանը՝ կառուցապատման ոլորտին առնչվող պետական կառույցների ներկայացուցիչների և մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների միջև: Քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր, պետական կառույցների ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հուզող հարցերին: