Ամփոփվեցին կառուցապատման ոլորտում պետություն-մասնավոր գործակցության արդյունքները
Մարտի 17-ին տեղի ունեցավ Կառուցապատողների հայկական ասոցիացիայի տարեկան ժողովը, որին հրավիրված էին շահագրգիռ պետական մարմինների, կառուցապատող ընկերությունների և քաղաքաշինության ոլորտի մասնագիտական հանրության ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը:
Ներկայացվեց 2022 թվականին ասոցիացիայի իրականացրած աշխատանքերի հաշվետվությունը, անդրադարձ եղավ կառուցապատման ոլորտում ընթացիկ ու նոր մարտահրավերներին: Կարևորվեց պետության և գործարար համայնքի միջև երկխոսությունը, որում նշանակալի դեր ունեն ոլորտային ասոցիացիաները:
Էկոնոմիկայի նախարարը, անդրադառնալով 2022թ․ Հայաստանի տնտեսությունում գրանցված աննախադեպ տնտեսական աճին և դրանում շինարարության մասնաբաժնին, նշեց, որ 2022 թվականին իրականացված շինարարության ծավալը կազմել է 541․1 մլրդ ՀՀ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ 12.5%:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորեց կոմիտեի և ասոցիացիայի համագործակցությունը՝ քաղաքաշինության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման, գործընթացների պարզեցման, ժամկետների կրճատման, կրկնվող գործառույթների վերացման ուղղությամբ: Ներկայացվեցին նաև լիցենզավորման գործընթացում կատարված սկզբունքային փոփոխությունները, որոնք կհանգեցնեն քաղաքաշինական գործունեության որակի բարելավմանը: Կոմիտեի նախագահը կառուցապատողների ուշադրությունը հրավիրեց շինարարական հրապարակների ճիշտ կազմակերպմանը նպաստելու համար ձեռնարկված միջոցառումներին. «Մեծ թափով ընթացող շինարարական ծրագրերի իրականացմանը զուգահեռ ժամանակն է, որ ձևավորվի շինհրապարակների պատշաճ կահավորման և աշխատանքների կազմակերպման մշակույթ»:
Միջոցառման ընթացքում դիտարկվեցին վթարային բնակարանային ֆոնդի ռենովացիայի վերաբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ եղավ Երևան քաղաքի գազամատակարարման և մատակարար կազմակերպությունների հետ աշխատանքում առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
Պետական կառույցների և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները երկուստեք կարևորեցին ձևավորված գործընկերային հարթակը՝ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգման, ներդրումային ծրագրերի հնարավորությունների վերհանման, կառուցապատման զարգացման հեռանկարները նախանշելու առումով:
Տարեկան ժողովին ներկա էին նաև Հայաստանի շինարարների միության և Ճարտարապետների պալատի նախագահները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավար կազմը: