Արմեն Ղուլարյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի 2024թ. բյուջետային ծրագիրը
ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է 2024 թվականի պետական բյուջեի նախագծում կոմիտեի մասով հաստատված հիմնական ուղղությունները, որոնց համար նախատեսվել է ընդհանուր 5 մլրդ 102 մլն դրամ:
Մասնավորապես՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման նպատակով 2024թ. համար նախատեսվել է շուրջ 292 մլն դրամ, որն ուղղվելու է քաղաքաշինական 25 նորմի մշակմանը:
Շուրջ 240 մլն դրամ նախատեսվել է քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակման համար, որն ուղղվելու է Լոռու մարզի 63 և Կոտայքի մարզի 69 բնակավայրի համար տարածական պլանավորման փաստաթղթերի ձեռքբերմանը: Արդյունքում ամբողջապես կավարտվի ՀՀ կառավարության ծրագրով նախանշված՝ հանրապետության ողջ տարածքը տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու միջոցառումը:
Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման նպատակով սահմանվել է 2 մլրդ դրամ: Նախատեսված է սկսել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները։
Շենքերի ու շինությունների մատչելիության ապահովման և անձնագրավորման նպատակով սահմանվել է 75 մլն դրամ, որն ուղղվելու է Երևանի ու մարզերի կարևորագույն նշանակության 25 օբյեկտների շենքերի տեխնիկական վիճակի հետազննության եզրակացությունների և շենքերի անձնագրերի ձեռքբերմանը։
Աղետի գոտու բնակավայրերի հողամասերը ոչ հիմնական շինություններից ազատելու և քաղաքաշինական միջավայրը վերականգնելու նպատակով նախատեսվել է 1,4 մլրդ դրամ: Կազմակերպվելու է աղետի գոտու բնակավայրերի՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված/կառուցված տնակներից ազատելու գործընթացը՝ այդ տնակներում բնակվող ընտանիքների վերաբնակեցման և նրանց կարգավիճակից ելնելով՝ տարբերակված աջակցության ցուցաբերման եղանակով:
Եվս 687 մլն դրամ նախատեսվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրական գործառույթների իրականացման և 7,6 մլն դրամ՝ կոմիտեի կարողությունների զարգացման համար։