Մեկ տարում 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ
2022թ. Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել կամ արդիականացվել են ընդհանուր առմամբ 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ, որոնցից 19-ն արդեն հաստատվել և հրապարակվել են: Դրանցից 6-ն ընդունվել են միայն տարվա վերջին 2 ամիսներին: Մասնավորապես՝ առաջին անգամ մշակվել են շինարարական նորմեր, որոնցով միջազգային չափանիշներին համապատասխան կապահովվեն հանրապետությունում նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի, նաև պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտների էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը: «Սա շատ կարևոր, արդիական և մեր հանրապետության համար նոր ուղղություն է, ուստի փաստաթղթի համար հիմք են ծառայել Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջոցով տեղայնացված եվրոպական ստանդարտները: ՄԱԶԾ մասնագետները նաև աջակցել են փաստաթղթի հեղինակներին նորմերի մշակման ընթացքում: Հաջորդ քայլը լինելու է էներգետիկ աուդիտի հետ կապված կարգավորումների ընդունումը»,-հայտնում է Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը:
Առաջին անգամ են մշակվել նաև անհատական բնակելի տների վերաբերյալ շինարարական նորմերը, որոնք, կոմիտեի ներկայացուցչի կարծիքով, կարևոր են գյուղական նաև քաղաքային խիտ և խառը կառուցապատման տարածքներում տարբերակված լուծումներ, սահմանափակումներ պահանջող և համայնքային բնույթ կրող քաղաքաշինական խնդիրների կարգավորման համար: «Այդպիսով կարգավորվում է հարևանների միջև հիմնական վեճը՝ կապված յուրաքանչյուրի տան հարակից հատվածների, տարածքի ձևավորման հետ և այլն»:
«Նախագծային աշխատանքների տևողության նորմերով» իրավական հիմք է ստեղծվում նախագծի կատարման ժամկետների վերաբերյալ պատվիրատուի և կատարողի միջև ծագած տարաձայնությունների հաղթահարման համար: Իսկ «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերը սահմանում են բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև արտադրական և գյուղատնտեսական կազմակերպություններին, պատմամշակութային կառույցներին մոտեցնող ճանապարհների նախագծման սկզբունքները: «Փաստաթուղթն էականորեն արդիականացվել է, հստակեցվել են սահմանափակումները: Օրինակ՝ սահմանվել է «կողային տեսանելիություն» հասկացությունը, որի գոտում՝ 15-18 մետր, կառուցապատում իրականացնելն ընդհանրապես արգելված է»,-նշում է Ռուզան Ադամյանը:
Միջազգային փորձին համահունչ արդիականացված հիդրոտեխնիկական կառուցվածքներին վերաբերող նորմատիվ փաստաթղթում առանձին հավելվածով սահմանվել են նաև պոչամբարների նախագծման, կառուցման, վերակառուցման, կոնսերվացման և շահագործման հստակ պահանջներ: Բացի այդ, կոմիտեի կայքում հրապարակվել է կանոնների հավաքածու, որով ապահովվում է շենքերում և շինություններում համապատասխան կոնստրուկցիաների կիրառելիությունն ու շինարարությունում նոր տեխնոլոգիաների, էներգաարդյունավետ պատող կոնստրուկցիաների ներդրումը: «Հավաքածուն մշակել ենք՝ հաշվի առնելով կառուցապատողների բազմաթիվ առաջարկները, որոնցով խնդրում էին կարգավորումներ սահմանել, որպեսզի կարողանան նոր տեխնոլոգիաներ կիրառել իրենց աշխատանքում»,-ընդգծում է Ռուզան Ադամյանը:
2022թ. ընթացքում հաստատված և հրապարակված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև:
2022 թ. հրապարակված շինարարական նորմերի ցանկ
1. ՀՀՇՆ 12-01-2022 «Նախագծային աշխատանքների տևողության նորմեր»
3. ՀՀՇՆ 32-01-2022 «Ավտոմոբիլային ճանապարհներ»
4. ՀՀՇՆ 31-02-2022 «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ»
6. ՀՀՇՆ 33-01-2022 «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ. հիմնական դրույթներ»
7. ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում»
8. ՀՀՇՆ 31-04-2022 «Տանիքներ և տանիքածածկեր»
9. ՀՀՇՆ 31-03.02-2022 «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ»
10. ՀՀՇՆ 31-03.03-2022 «Վարչական և կենցաղային շենքեր»
11. ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. արտաքին ցանցեր և կառուցվածքներ»
12. ՀՀՇՆ 13.01-2022 «Գեոդեզիական աշխատանքները շինարարությունում»
13. ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում»
14. ՀՀՇՆ 21-02-2022 «Պահեստներ նավթի և նավթամթերքի. նախագծման նորմեր»
15. ՀՀՇՆ 20-05-2022 «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից»
16. ՀՀՇՆ 34-01-2022 «Նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ»
18. ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և պատող կոնստրուկցիաներ»
19. ՀՀՇՆ 31-03.04-2022 «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. նախագծման նորմեր»