Ռուս գործընկերները հայ մասնագետներին ներկայացրել են շինարարական նոր արտադրատեսակ
Քաղաքաշինության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 26-ին մասնագիտական հանրության համար անցկացվել է սեմինար նոր տեսակի ամրանների տեխնիկական առանձնահատկությունների և հայաստանյան շինարարական ծրագրերում դրանց կիրառման հնարավորությունների մասին։
Ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության մասնագետները հանդիպմանը մասնակցող ճարտարապետներին, կոնստրուկտորներին, շինարարներներին ներկայացրել են ընկերության նորարարական արտադրանքը՝ բարձր ամրության «А550СК» տեսակի ամրանը և երկրաշարժադիմացկունության տեսանկյունից դրանց կիրառման առավելությունները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը ողջունել է Հայաստանում ներկայացուցչություն բացելու ընկերության մտադրությունը և բնագավառի ներկայացուցիչների հետ գործակցության ուղիների նախանշումը․ «Կոմիտեն բարձր է գնահատում նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են նոր տեխնոլոգիաների, նորարարական մտքի ներկայացմանն ու քաղաքաշինութան բնագավառի զարգացմանը։ Կարևորում ենք մետաղագործական խոշոր ընկերությունների մուտքը հայկական շուկա և որպես քաղաքաշինության բնագավառի լիազոր պետական մարմին՝ պատրաստ ենք դիտարկելու Հայաստանում գործող քաղաքաշինական նորմերի ու ստանդարտների շրջանակում նոր արտադրատեսակի կիրառությունն ապահովելու հնարավորությունը՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն»։
«Новосталь-М» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Կրուգլովը սեմինարի մասնակիցներին տեղեկացրել է, որ ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 70 երկրում։ Նա մանրամասներ է հայտնել ամրանների որակի փորձարկման, կիրառության հիմնական ուղղությունների և արդյունավետության մասին։
Ամիսներ առաջ հոլդինգի ներկայացուցիչները հանդիպել էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ՝ քննարկելով Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։