Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար
300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։
ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։
Հնարավորությունը տարածվում է միայն Քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կնքված այն պայմանագրերի վրա, որոնց պարագայում շինարարական աշխատանքները դեռևս չեն մեկնարկել, քանի որ շինարարության թույլտվությունների ստացումը դեռ ընթացքի մեջ է։
Ինչպես նշում է Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցը, շինարարը շինհրապարակում պահեստավորելու է մեկնարկային փուլի՝ մինչև 0 նիշը նախատեսված հիմքի, հիմնակմախքի աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ պարտավորվելով պահպանել որակական հատկանիշները և քանակը։ Տեխնիկական ու հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունները կազմելու են արձանագրություն՝ ծավալաթերթ-նախահաշվին համապատասխան շինանյութերի առկայության վերաբերյալ, որը պատվիրատուն ստորագրելու է 10-օրյա ժամկետում՝ վճարումները կատարելով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։
«Դպրոցների շինարարական ծրագրերն իրականացվում են տիպարային նախագծերով՝ տեղանքից կախված կատարելով տեղակապման աշխատանքներ։ Իսկ դպրոցների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N2093-Ն որոշմամբ, և հստակեցված են կառուցման վայրերը։ Ուստի, հնարավորություն է ստեղծվում մոտ 1-2 ամիս ժամանակ տնտեսել՝ մինչև շինարարության թույլտվության ստացումը կազմակերպելով նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութերի պահեստավորումը, փաստաթղթային ձևակերպումների իրականացումը»,-ընդգծում է Մասիս Աղայանցը։ Ըստ նրա՝ այս եղանակով համաձայնագրեր կկնքվեն կոմիտեի համակարգմամբ իրակացվող 14 ծրագրերի դեպքում։