ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի ելույթը Շինարարի օրվա կապակցությամբ
10.08.2012
Մեծարգո պարոն վարչապետՀարգելի շինարարներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում` աշխատանքային հաջողություններ, մասնագիտական ձեռբերումներ:
Տուն կառուցելը հայ մարդու համար սոսկ կենսաապահովման խնդիր չէ, այն ավելի շուտ ընտանիքի ամրության, ջերմության, ավանդույթները սերնդին փոխանցելու գրավականն է: Թերեւս սա է պատճառը, որ հայ շինարարը բոլոր ժամանակներում իր կառուցածի, վաստակի համար այնքան բարձր է գնահատվել, որ մեր ողջ ազգին “շինարար ազգ” գնահատականն է տրվել: Ու այսօր, այդ բարձր պատիվը պահպանելու համար, մեր շինարարները, ճարտարապետները, շինարարական արդյունաբերողները պետք է կարողանան հաղթահարել այն մարտահրավերները, որոնք կանգնած են շինարարության ոլորտի առջև:
Վստահ եմ, որ հայ շինարարի ստեղծագործ միտքը եւ ամուր բազուկը ունակ է իրագործելու այդ նպատակը, որին մշտապես զորակից է քաղաքաշինության նախարարության աշխատակազմը:
Միասին լուծենք ոլորտի հիմնախնդիրները եւ մեր հանրապետության քաղաքաշինական միջավայրը դարձնենք առավել հարմարավետ, կայուն, որակյալ եւ գեղեցիկ:
Թեպետ այս տարվա շինարարության ոլորտի ցուցանիշները համեստ են, այդուհանդերձ պետք է նշեմ, որ աղետի գոտում ոչ մի ծրագիր չի կրճատվել, մեկ ամսից Գյումրիում շահագործման կհանձնվի 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերը: Ավելին, շնորհիվ կառավարության, շուտով կմեկնարկի շինարարական նոր ծրագիրը: Այն հնարավորություն կտա լուծել շուրջ 1000 անօթեւանների
բնակարանների եւ անհատական բնակելի տների խնդիրը: Հիշեցնեմ նաեւ, որ մինչեւ տարեվերջ կլուծվեն աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շուրջ 4500 ընտանիքների բնակարանային խնդիրները:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ նաեւ, որ բոլոր այն դպրոցները թե Երեւանում, թե մարզերում, որոնք նորոգվում են քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ, պատրաստ են սեպտեմբերի 1-ը հավուր պատշաճի դիմավորելու համար:
Կարեւոր մի հանգամանք. նորագույն տեխնոլոգիաների մեր ժամանակներում չափազանց կարեւորվում է ցանկացած ոլորտում դրանց կիրարկումը եւ համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներից ետ չմնալը: Այդ առումով կարող եմ փաստել, որ ներկայում մեր հանրապետության քաղաքաշինությունը լուրջ զարգացում է ապրել: Ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, օգտագործվում է ամենաառաջավոր տեխնիկա, շինանյութի նորագույն տեսակներ: Իսկ ավանդույթներ ունեցող հայ ճարտարապետական միտքը համալրվում է նոր, ժամանակակից մոտեցումներով ու բովանդակությամբ:
Միշտ է հայը հպարտացել իր ճարտարապետական կոթողներով, հուսով եմ այս պահին ներկաներից շատերի կառույցները տարիներ հետո կդառնան մեր ազգի հպարտության առարկան:
Հարգելի շինարարներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ ու ցանկանում աշխատանքային հաջողություններ:
Շնորհակալություն: