ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ. 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ
• ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատությամբ ՀՀ պետական բյուջեից նախատեսված գումարի շրջանակներում Արարատի և Սյունիքի մարզերի 17 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակում: (Ծրագրի նպատակը՝ ՀՀ բոլոր համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովումն է):
• Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ միջազգային կոնսորցիումի կողմից կազմված Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի քննարկման և ընդունման աշխատանքներին մասնակցություն:
• «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ սեյսմակայուն շինարարության նախագծային նորմերի վերամշակման աշխատանքները կազմակերպելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի կողմից նորմերի վերամշակման աշխատանքների տեխնիկական առաջադրանքի մշակում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրում: (Հիմնադրամի կողմից հայտարարվել է մրցույթ, կազմակերպվել է գնման գործընթացը, հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր):
• Ակտիվ մասնակցություն՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում սեյսմակայունության տեսանկյունից առավել խոցելիություն ունեցող թվով 46 դպրոցի ընտրության գործընթացում: Ութ դպրոցի շինարարական աշխատանքների մեկնարկ:
• «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման 2018-2030 թվականների ռազմավարության» շրջանակներում` նոր կառուցվող և գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում:
• Քաղաքաշինության կոմիտեի կողմից ՄԱԿ-Հաբիթաթին՝ «Քաղաքաշինության Ազգային քաղաքականություն» ծրագրում Հայաստանի Հանրապետության ներգրավման հնարավորության հարցը քննարկելու դիմում: 2018 թ. հունիսին ՄԱԿ-Հաբիթաթի դրական արձագանքի ստացում, համագործակցության պատրաստակամություն, առաջարկությունների ֆինանսավորման հարցերի քննարկում:
• ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ քաղաքաշինական բաց հարթակի ստեղծում և տրամադրում ոլորտի խնդիրներով մտահոգ մասնագիտական հանրությանը և քաղաքացիներին: Այս նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի մոտ քննարկումների կազմակերպում՝ առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
• Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կառուցողական առաջարկների ներառում ոլորտում իրականացվող բարեփոխումների մեջ (գործող նախահաշվային տարրային նորմերը թարմացում, շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգերի փոփոխություն, ընկերությունների վարկանիշային համակարգի ներմուծում):
• Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցահանդեսների կազմակերպում՝ «Առաջինները» (նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին), «Իսրայելյան. ծանոթ և անծանոթ» (նվիրված Ռաֆայել Իսրայելյանի 110-ամյակին), «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսները: Ռուսական արվեստի թանգարանում՝ համատեղ «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպում:
• Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով՝ գոյություն ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատման ձևաչափի հաստատում:
• Քաղաքաշինության ոլորտում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման նպատակով հանդիպումներ Հայաստանում ԻԻՀ արտակագ և լիազոր դեսպանի, ՄԱԶԾ, «Բիզնես Արմենիա» և «Երևան, իմ սեր» հիմնադրամների, «Սեն-Գոբեն Գրուպ» ընկերության , Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Պրահայի «Ճարտարապետության շաբաթ» փառատոնի, ավստրիական «STRABAG International» կոնցեռնի, ամերիկյան «IMEG» նախագծային խորհրդատվական ընկերության և այլ հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների հետ:
• Համաձայնագրի կնքում «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հետ՝ Կայուն զարգացման նպատակների (SDGs) և նոր քաղաքաշինական օրակարգի (NUA) իրականացման նպատակով:
• Համագործակցություն, ոլորտի հիմնախնդիրների քննարկումներ Ճարտարապետների պալատի, Հայաստանի շինարարների միության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի, «Հայնախագիծ», «Երևաննախագիծ» և «Ար և Ար դիզայն քոնսթրաքշն» և այլ ընկերությունների հետ:
• Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի զուգահեռ միջոցառումների շրջանակներում՝ Քաղաքաշինության կոմիտեի և «Քաղաքաշինարարներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության քաղաքաշինության ոլորտի համատեղ միջոցառումների կազմակերպում: Դրանց շրջանակներում՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կլոր սեղանների, կոնֆերանսի և ցուցահանդեսի կազմակերպում:
• Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում սանհանգույցներին ներկայացվող պահանջների ուղեցույցի հաստատում:
• Երևան քաղաքի փոքր կենտրոնը որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ սահմանելու նպատակով՝ «ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N728-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը շահագրգիռ մարմինների և հանրային կարծիքի ներկայացում:
• ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով՝ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու հավակնորդ ծառայողների ցուցակի սահմանում:
(Այս փուլով տանիք կունենա ևս 265 ընտանիք: Ընդհանուր առմամբ՝ չորս փուլից կազմված ծրագրից, որի պատասխանատուն Քաղաքաշինության կոմիտեն է, օգտվել է 1000 ընտանիք):
• ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված 27 շինարարական օբյեկտներից մեկ տասնյակն արդեն ավարտական փուլում են, 7-ի շահագործման կհանձնվեն օրերս, մնացածը շարունակական ծրագրեր են և համաձայն հետագա բյուջետային հատկացումների, կավարտվեն նախանշված ժամկետներում:
• 2018 թվականի նոյեմբերի 10-ին Քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ իրականացված, տարածաշրջանում իր հզորությամբ ու հագեցվածությամբ եզակի «Վանաձորի բժշկական կենտրոն» համալիրի շահագործման հանձնում: Գլխավոր մասնաշենքն իրականացրել է Քաղաքաշինության կոմիտեն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին (150 մահճակալով), ծննդատան մասնաշենքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (40 մահճակալով): Ընդհանուր ներդրումները կազմել են՝ 6 մլրդ 647 միլիոն դրամ:
• Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի մանկապարտեզի շինարարության ավարտ: Նորակառույց մանկապարտեզը նախատեսված է 40 երեխայի համար, շինարարության արժեքը՝ շուրջ 135 մլն ՀՀ դրամ:
• 1988 թվականի աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում`
ա) կատարված աշխատանքների ծավալների վերաբերյալ հաշվետու ասուլիսի կազմակերպում,
բ) աղետի գոտու վերակականգնման ծավալներն ամփոփող «Վերածննդի 30 տարի. 1988-2018թթ » խորագրով ֆիլմի տեսանյութի պատրաստում, հղումը՝ https://www.youtube.com/watch?v=lJtK-OIMXDI&t=140s
գ) հանրությանն իրազեկում՝ երեք տասնյակ տարիների ընթացքում՝ իրացված ներդրումներով աղետի գոտու բնակավայրերում վերականգնված ծավալների մասնավոր և պետական միջոցների հաշվին իրականացված համամասնության մասին:
դ) Մասնավորապես, 30 տարվա ընթացքում աղետի գոտում վերականգնվել են.
• 75.2 հազ. աշակերտական տեղով դպրոցներ,
38,3 հազ.՝ պետ. միջոցների հաշվին
• 4.2 հազ. մահճակալով հիվանդանոցներ
1,3 հազ.՝ պետական միջոցների հաշվին
• Մեկ հերթափոխում 5.1 հազ. հաճախումով պոլիկլինիկաներ
1,6 հազ.՝ պետ. միջոցների հաշվին
• 9 հազ. տեղով նախադպրոցական օբյեկտներ
7 հազ.՝ պետական միջոցների հաշվին
• Բարելավել են 66.4 հազ. ընտանիքի բնակարանային պայմաններ
39,5 հազ. ընտանիքինը՝ պետական միջոցների հաշվին:
• Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման աշխատանքներ: (Ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր կամ ծրագիրը կատարված է 90%-ով):
• 2018 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի կողմից «ՀՀ 2018 թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» որոշման նախագծի ներկայացում և ընդունում:
Նախագծի համաձայն, լուծվելու է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 44 ընտանիքի բնակարանային խնդիր:
• Կառավարության վերը նշված որոշմամբ նախատեսված միջոցառումներն իրականացնելու նպատակով՝ դեկտեմբերի 19-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի այցելություն Լոռու մարզ, որտեղ մարզպետարանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև՝ մարզի գյուղական համայնքներում պետական ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բարձր պատրաստականություն ունեցող 44 կիսակառույցներն ավարտին հասցնելու մասին պայմանագրի ստորագրում:
Համաձայն պայմանագրի` կիսակառույցների շինարարական աշխատանքներն իրականացվելու են 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ժամանակահատվածում:
• Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում ՀՀ վարչապետի՝ աղետի գոտում անօթևան ընտանիքների և նրանց նկատմամբ պետական պարտավորությունների ծավալների ուսումնասիրման և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկման հետ կապված ճանապարհային քարտեզ կազմելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հանձնարարականի կատարում:
• ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված և ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 29-ի նիստում ընդունված որոշման համաձայն, այս տարի մեկնարկած՝ ոչ հիմնական շինությունների (տնակների) փաստագրման ավարտական և ամփոփման աշխատանքներ: Դրանց արդյունքում կազմված նյութերի հիման վրա, արդեն 2019 թ. առաջարկությունների մշակում՝ դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և տարածքների քաղաքաշինական միջավայրը վերականգնելու համատեքստում: