Երեք մեծություն. երենք էլ՝ առաջինները
«Առաջինները»՝ հենց այսպիսի խորագիր է կրում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված ցուցահանդեսը:
Երեք մեծություն, երեքն էլ առաջինները: Հովհաննես Քաջազնունին Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետն էր, Նիկողայոս Բունիաթյանը՝ 1924-1938 թթ. Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը, Աննա Տեր-Ավետիքյանը՝ առաջին կին ճարտարապետը:
Պահպանելով բարձր գեղարվեստականությունն ու արտահայտման ազգային ձևերը՝ Հովհաննես Քաջազնունին իր առջև խնդիր դրեց ճարտարապետությանը տալ նոր բովանդակություն և ստեղծել «նոր հայկական ոճ»: Այդ նոր ոճի արտահայտություններից մեկն էլ Բաքվի կենտրոնում նրա նախագծով կառուցված հայկական եկեղեցին էր:
«Ականատեսները վկայում են, որ դա Բաքվի ամենագեղեցիկ շենքն էր. ճարտարապետական ողջ կառույցը ներշնչված էր ոգեղենությամբ»,- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան- ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը խոսեց ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ու դրանց հեղինակների մասին:
Քաջազնունու նախագծած լավագույն կառույցներից է նաև Գյումրիի՝ ժողովրդի կողմից «Лодка» անվանումը ստացած բնակելի շենքը, որը կանգուն մնաց 1988-ի երկրաշարժից հետո:
«Նա իր կենսագրության առաջին էջերը բացեց որպես ճարտարապետ, որպես ճարտարապետ էլ ավարտեց իր կյանքը՝ դառնալով սովետական դաժան հետապնդումների զոհը, վարձահատույց լինելով իր փառապանծ անցյալի համար»,- Քաջազնունու մասին գրել է ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանը: Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է տալիս ծանոթանալու այդ փառապանծ անցյալի վկաներից մեկի՝ Քաջազնունու՝ Բաքվի Ս. Թադևոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հայկական Մայր տաճարի էսքիզներին (եկեղեցին բարբարոսաբար քանդվել է 30-ականներին):
«Կենդանի լեգենդ, անկյունային լուծումների վարպետ»,- Անուշ Տեր-Մինասյանն թանգարանի տնօրենն այսպես բնորոշեց Աննա Տեր-Ավետիքյանին:
Ճարտարապետի նախագծած բնակելի շենքերի մի ամբողջ շարքում թե՛ յուրահատուկ կերպար է ստեղծվել, թե՛ քաղաքաշինական հետաքրքիր լուծում տրված քաղաքի տվյալ հանգույցին: Անկյունային տեղադրման փայլուն լուծում ուներ ԳԱ լեզվի ինստիտուտի շենքը, որը ցավոք այլևս չկա: Չնայած դրան, Աննա Տեր-Ավետիքյան ճարտարապետի տաղանդի մյուս խոսուն վկաները շարունակում են զարդարել մեր քաղաքը. Մոսկովյան փողոցի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում գտնվող բնակելի շենքը, Չարենցի և Նալբանդյան փողոցների հատման տեղում գտնվող ՀՀ ոստիկանության շենքը և այլն:
Նիկողայոս Բունիաթյան. Երևանի առաջին գլխավոր ճարտարապետի ստեղծած կառույցներն առանձնակի շուք ու գրավչություն են հաղորդել Երևանի դիմագծին. բավական է հիշել Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկի քարե երկվորյակները, որոնցից մեկում բնակվել է Ալեքսանդր Սպենդիարյանը: Բունիաթյանի նախագծած շենքերն առանձնացել են իրենց ոճով. գրեթե բոլոր շենքերում՝ սև տուֆ ու սպիտակ սվաղ, ճակատային հորինվածքների առանձին մասեր՝ բացվածքներ, լոջաներ, աստիճաններ… Ցուցահանդեսին ներկայացված էին Նիկողայոս Բունիաթյանի նախագծերը, էսքիզներն ու ջրաներկերը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում՝ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը գործելու է մեկ ամիս: