Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ցուցանիշը չի գերազանցում 30 տոկոսը.ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Սկզբնաղբյուր http://iravunk.com/news/41729
12.10.2017; http://iravunk.com/news/41729
Ֆիրդուսի շուկայի շուրջ վերջին աղմուկից հետո տարածքի քանդման աշխատանքները շարունակվում են: Դրան զուգահեռ, չեն դադարում նաեւ դժգոհությունները, թե ֆիրդուսի տարածքը չպետք է քանդվեր, որ այդպիսով մայրաքաղաքի հին տեսքը փոխվում է, եւ փոխարենը հերթական այլանդակությունն է կառուցվելու: Ի՞նչն էր իրականում Ֆիրդուսի քանդման իրական պատճառը, ի՞նչ է կառուցվելու այդ տարածքում, հանրության համար այդ նորամուծությունն ընդունելի կարո՞ղ է լինել... Այս ամենի շուրջ պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ, ֆիրդուսի փոխարեն կառուցվող թաղամասի նախագծի հեղինակ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ Ֆիրդուսի քանդման պատճառներին եւ դրա շուրջ շահարկվող խոսակցություններին.
- Եթե ողջամիտ մարդը բարձր հարկից` նայի Ֆիրդուսի տարածքին, ապա այլեւս երբեք չի կարող ասել, թե դա պատմական արժեք է, որը պետք է պահպանել: Ավելին ասեմ, ամոթ է, եթե 5000 տարվա քաղաքակրթությամբ եւ ճարտարապետությամբ հայտնի երկրի որեւ քաղաքացի ասի, որ Ֆիրդուսի հատվածը մեր պատմամշակութային արժեք է: Բայց այս թեման շահարկելը մի տեսակ դարձել է մոդայիկ: Որտեղից որտեղ` ծնվում են "երեւանասեր" ինչ-որ մարդիկ, ովքեր բարի չեն եղել անգամ պատմությունը կարդալ, ովքեր շատ հաճախ ռուսական սեւ շենքերը շփոթում են թամանյանական շրջանի հետ եւ երկու-երեք բառ անգիր արած` ագրեսիվ ասպարեզ են մտնում: Եվ թացը չորի հետ խառնելով` փորձում են ամեն անգամ ինչ-որ մի ծրագրի շրջանակներում հայտնվել եւ գնահատականներ տալ:
Ֆիրդուսի շուրջ ստեղծված աղմուկն առաջին անգամը չէ, առ այսօր նրանք նույն կերպ արտահայտվում են նաեւ Հյուսիսային պողոտայի հետ կապված: Ըստ նրանց, Հյուսիսային պողոտայի տարածքում բազմաթիվ հուշարձաններ կային, որոնք քանդվեցին եւ ոչնչացվեցին:
Իհարկե, մենք բազմիցս հայտնել ենք, որ նման խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, ընդ որում, փաստերով եւ փաստարկներով, շենք առ շենք նշելով, բայց անօգուտ է: Մինչդեռ հայտնի է, որ հազար անգամ կրկնված սուտը հավասար է ճշմարտության:
Գրեթե վստահ եմ, որ նույնը կլինի նաեւ Ֆիրդուսի թաղամասի դեպքում: Ինչ խոսք, մենք ցուցադրություններ կունենանք, բայց միեւնույնն է` նմանատիպ սին աղմուկները արդեն արմատավորված բնույթ են ստացել:
Ինչ վերաբերում է քանդելու պատճառներին, ապա խնդիրն այն է, որ գործ ունենք խորհրդային քաղաքակրթության "վնասների" հետ: Այն ժամանակ հետեւյալ քաղաքականությունն էր վարվում. բացում էին փողոցներ, կառուցում էին շենքերի ֆասադներ, բայց այն, ինչը բակային տարածքներում էր եւ չերեւացող, բնավ չէր հետաքրքրում: Այդ է պատճառը, որ քաղաքի մարմնի վրա առաջացան քաղաքաշինական «չարորակ ուռուցքներ», որոնցից էր նախկին Հյուսիսային պողոտայի տարածքը, ներկայիս Կոնդը եւ, իհարկե, Ֆիրդուսի թաղամասը, որն, ըստ էության, չորս կողմից կառուցապատված է, բայց թե ներսում ինչ վիճակ է, մարդկանց տեսանելի չէ: Ինչ վերաբերում է Ֆիրդուսի թաղամասի քաղաքաշինությանը, ապա այս տարածքում կառուցվելու է բոլորովին նոր տիպի թաղամաս: Չորս կողմից պարփակված տարածքը ինտեգրելու ենք քաղաքի մարմնի մեջ: Դրա համար մենք երեք կողմերից երեք ճառագայթաձեւ փողոցներ ենք կառուցում:
Հարավային պողոտայից, որն անվանակոչվել է Տիգրան մեծ, կլինի առաջին դարպասը, երկրորդը` Խանջյան փողոցից, եւ երրորդը` Վերնիսաժի կողմից: Սրանք հատվում են, եւ առաջանում է մեծ հրապարակ` շուրջ 90 մետր տրամագծով, ամբողջությամբ օղակաձեւ լուծումներով:
Ողջ տարածքը կազմում է մոտ հինգ հեկտար, որի կառուցապատման ցուցանիշը չի գերազանցում 30 տոկոսը: Արդյունքում` ստեղծվում է նոր հրապարակ, նոր փողոցներ` իրենց մայթերով, այգիներով, խաղահրապարակներով: Թույլատրվում է կառուցել նաեւ բնակելի, հասարակական, օֆիսային, հյուրանոցային շինություններ: Ենթադրվում է, որ զգալի մասը կարող են կազմել փոքր եւ ապարտամենտային հյուրանոցներ:
Կլոր հրապարակի տակ ամբողջությամբ մեքենաների երկհարկանի կայանատեղիներ են նախատեսված, կլինեն նաեւ մշակութային օբյեկտներ: Ընդհանուր կոնցեպցիան սա է:
- Ե՞րբ կյանքի կկոչվի այդ ամենը:
- Ծրագրի շինարարական մասը նախատեսվում է կյանքի կոչել 3.5 տարում: Այս պահին ընթանում են ինչպես բնակֆոնդի իրացման, պարտքերի փոխհատուցման հետ կապված աշխատանքները, այնպես էլ, զուգահեռաբար, նախագծումը: Բայց բուն շինարարական աշխատանքները, հույս ունեմ, կսկսվեն խոր աշնանը: Իսկ փետրվար-մարտ ամիսներին` կմեկնարկեն լայնածավալ աշխատանքները:
- Այնուամենայնիվ` թե՛ նախկինում եւ թե՛ այս փուլում քանդվում են շենք-շինություններ, որոնք իրականում էլ պատմամշակութային արժեք են: Խոստացան` դրանք համախմբել «Հին Երեւան» ծրագրով, բայց դեռ ոչինչ չկա: Ուրեմն` ի՞նչ փուլում է «Հին Երեւանը»:
- Ըստ էության, նույն վիճակն է նաեւ այստեղ: Այս պահին, արդեն «Հին Երեւանի» որոշակի ոչ հուշարձանային շինություններ սկսվում են քանդվել: Մի քանի օրից հավանաբար Տերյան փողոցի հատվածում կսկսվի ստորգետնյա հատվածի շինարարությունը: