Անուշ Տեր-Մինասյան. Նարեկ Սարգսյանի և Գագիկ Թամանյանի հանդիպումը կառուցողական էր
Սկզբնաղբյուր http://www.aravot.am/2016/12/21/839667/
21.12.2016; http://www.aravot.am/2016/12/21/839667/
Օրեր առաջ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսելով օպտիմալացման շրջանակներում քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալող երկու թանգարանների միացման մասին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետկոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանն այն դրական քայլ էր համարել: Միաժամանակ այս համատեքստում նա անդրադարձել էր Նարեկ Սարգսյանի և Ալ. Թամանյանի լոնդոնաբնակ թոռան՝ Գագիկ Թամանյանի հանդիպմանը:
«Առավոտը» զրուցել է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանի հետ, որը հայտնել է. «Այո, դեռ հոկտեմբեր ամսին Ալ. Թամանյանի թոռը՝ պարոն Գագիկ Թամանյանը, որը Լոնդոնից եկել էր Երևան՝ Ալեքսանդր Թամանյանի արխիվը ցուցադրելու համար, առանձին թանգարան վերաբացելու վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով հանդիպում ունեցավ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ:
Հանդիպումը միանգամայն կառուցողական էր: Նարեկ Սարգսյանը ներկայացրեց այն փաստարկները, որոնցով առաջնորդվել էր նախկին վարչապետը, ընդունելով երկու թանգարանների միավորման որոշումը: Նա նշեց, որ Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի նոր շենքում Թամանյանի ստեղծագործությանը կհատկացվի մի առանձին մաս՝ գրեթե մասնաշենք, այսինքն` այն կներկայանա առանձնացված և ամբողջական:
Թեև ներկայացված փաստարկները բավականին համոզիչ էին, Գագիկ Թամանյանն ուներ իր մտահղացումները և մտածումները, որոնցից գլխավորն այն էր, թե՝ մշակութային տարբեր գործիչներին, որոնք նույնիսկ չեն ապրել Երևանում, առանձին շենքեր հատկացնելու պարագայում ճիշտ կլիներ նաև Երևանի ժամանակակից ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանին նույնպես տրամադրել առանձին տուն-թանգարան: Նրա խոսքով՝ այդ դեպքում միայն Ալ. Թամանյանի ողջ արխիվը և բոլոր նյութերը ընտանիքի կողմից կնվիրաբերվի պետությանը:
Խոսակցությունն ավարտվեց հարցին կրկին անդրադառնալու փոխպայմանավորվածությամբ: Նարեկ Սարգսյանը խոստացավ Գագիկ Թամանյանին հարցը քննարկել իրավասու անձանց հետ և ընդունել ամենաօպտիմալ որոշումը, որը կբավարարի երկու կողմերին էլ»: