ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ է ԱՐՑԱԽԻՆ
Սկզբնաղբյուր http://armworld.am/detail.php?paperid=5291&pageid=161123&lang=
16.04.2016; http://armworld.am/detail.php?paperid=5291&pageid=161123&lang=
Ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի սահմանամերձ բնակավայրերում բնակելի եւ հասարակական շինություններին պատճառված վնասները վերականգնելու հարցում քաղաքաշինության նախարարությունը որոշել է իր աջակցությունը ցուցաբերել:
Օրերս նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ղեկավարությամբ, մեկնել էր Արցախ՝ սահմանամերձ շրջաններ հասցնելով շինանյութի մեծ խմբաքանակ: Արցախ է տեղափոխվել ավելի քան 4500 քմ տանիքի ծածկի թիթեղ՝ մոտ 14 միլիոն դրամ արժողության: Հետագայում պատրաստվում ենք նաեւ փայտանյութ, ապակի, ցեմենտ եւ այլ շինանյութ հասցնել:
-Պարոն Ղուլարյան, ովքե՞ր էին ընդգրկված պատվիրակության կազմում, շինանյութն ամբողջությամբ նախարարությա՞ն նվիրատվությունն է:
-Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաեւ Շինարարների միության եւ մասնավոր շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Չորսօրյա պատերազմից հետո քաղաքաշինության նախարարի մոտ խորհրդակցություն եղավ, որի ժամանակ քննարկվեց, թե նախարարությունն ինչպես կարող է աջակցել հրետակոծությունից ավերված բնակավայրերի վերականգնման հարցում: Հենց այդ ժամանակ էլ, երբ որոշվեց Արցախին շինանյութ տրամադրել, նախաձեռնության մեջ պատրաստակամորեն ներգրավվեցին նաեւ հանրապետութան միջին եւ խոշոր մասնավոր շինարարական բազմաթիվ կազմակերպություններ:
Ընդ որում, բոլորն էլ միահամուռ եւ սիրահոժար համաձայնեցին իրենց հնարավորությունների չափով օգնություն տրամադրել: Արդյունքում բավականաչափ շինանյութ հատկացվեց, որն էլ արդեն Արցախ է տեղափոխվել:
Ի դեպ, քաղաքաշինության նախարարությունը, մշտապես կապի մեջ լինելով Արցախի կառավարության ներկայացուցիչների` մասնավորապես քաղաքաշինության նախարարի հետ, նախապես հստակեցրել էր ավերված բնակավայրերի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի ցանկը, որը ձեւավորվել է սահմանամերձ բնակավայրերում կատարված վնասների գնահատման արդյունքում:
Ցանկում ներկայացված շինանյութը դեռ ամբողջությամբ չի ուղարկվել, սակայն այս ծրագիրը շարունակական է լինելու` սահմանամերձ շրջաններին ապահովելով այն ամենով, ինչն անհրաժեշտ է կիսավեր ու քանդված շենքերն ու շինությունները վերականգնելու համար:
Երբ սկսվի բուն շինարարական լայնածավալ գործընթացը, այդ կազմակերպությունները նաեւ պատրաստ են իրենց մասնագիտական ներուժով եւ շինտեխնիկայով աջակցել տուժած բնակավայրերին:
-Թշնամու հրետակոծություններից շա՞տ են վնասվել բնակավայրերը։
-Ամենաշատը վնասվել են անմիջապես սահմանին մոտ գտնվող բնակավայրերը: Օրինակ` Թալիշը: Այնտեղ ավերածությունները զգալի են: Ճիշտ է, պատերազմն ընդամենը չորս օր տեւեց, սակայն ադրբեջանցիները ջանք չէին խնայում խաղաղ բնակավայրերը հրետակոծելու համար: Այնպես որ պատճառած վնասները քիչ չեն, եւ ժամանակ, ջանքեր ու միջոցներ կպահանջվեն դրանք վերականգնելու համար: Բայց ԼՂՀ կառավարությունն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը եւ հնարավոր ամեն ինչ արվում է, որ բնակավայրերը, գյուղերը վերադարձվեն առաջվա տեսքին:
Ի դեպ, Արցախի կառավարությունը մանրակրկիտ ուսումնասիրություններ է կատարել նաեւ պարզելու, թե ռմբահարված տներում եղած գույքն ինչ վիճակում է: Ըստ այդմ՝ այդ տարածքների տուժած բնակիչները նաեւ կահույքով, կենցաղային տեխնիկայով, հագուստով կապահովվեն, քանի որ թշնամու գնդակից ոչ միայն շենքերն ու շինություններն են վնասվել, այլեւ երբեմն տանը եղած ամբողջ գույքը, որոշ տներում` դրա զգալի մասը:
-Լինելով Ղարաբաղում` հավանաբար նաեւ շփվել եք սահմանամերձ շրջանների բնակիչների հետ: Ի՞նչ հոգեվիճակում են նրանք, պատրա՞ստ են վերադառնալ եւ նորից ապրել իրենց տներում:
-Մենք այս ռազմական գործողությունների ժամանակ հերթական անգամ համոզվեցինք, որ մեր ժողովուրդը բացի տոկուն եւ իր հայրենիքին նվիրված լինելուց, նաեւ համարձակ է ու սկզբունքային: Մարդիկ ամենեւին խուճապահար չեն եւ անհամբեր սպասում են, թե երբ կվերականգնվեն բնակավայրերը, տները, որպեսզի կարողանան անցնել իրենց ամենօրյա կյանքին, աշխատանքին:
Ի դեպ, դեռեւս 2014թ., երբ քաղաքաշինության նախարարը մեկնելով Արցախ հանդիպել էր ԼՂՀ նախագահի հետ` կարեւորվել էր Հայաստան-Արցախ քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի մշակումը: Որից հետո երկուստեք պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարարությունները պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերեն այդ հայեցակարգը կյանքի կոչելու համար:
Մեր նախարարությունը պատրաստակամ է օգնել Արցախին այդ ծրագրում քաղաքաշինական պլանավորման, տարածքների հատակագծման փաստաթղթերի, գոտեւորման նախագծերի իրականացման հարցերում: Դա բավական լուրջ ծրագիր է, եւ վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին այդ ծրագրի հնարավորինս արագ իրագործման անհրաժեշտությունը:
Դրա շնորհիվ նաեւ հնարավոր կլինի սահմանամերձ շրջանների բնակչության կեցությունն այդ վայրերում անհամեմատ անվտանգ դարձնել: