Ալվարդ Պետրոսյան. «Անձնական պատասխանատվությամբ»
(Նյութը տպագրվել է aravot.am կայքում 2013 թվականի հուլիսի 8-ին)
Ես քանի որ տնից դուրս չեմ գալիս, ուշադիր կարդում եմ և դիտում եմ հեռուստատեսային հաղորդումներ, տեսնում եմ այն, ինչ կատարվում է մեր քաղաքում: Հենց նույն ճարտարապետության ոլորտից դուրս չգանք, ասենք՝ Երևանի գլխավոր ճարտարապետի` Նարեկ Սարգսյանի նկատմամբ իրագործվող հետապնդումը ինձ զարմանք է պատճառում: Այն երևույթը, որ մեկին խմբակային հետապնդում են, արդեն իսկ զզվելի է: Ինչու՞ են հալածում այս մարդուն, ի՞նչ են ուզում նրանից, և ովքե՞ր են դատավորները՝ հալածողները: Տեսնում եմ, որ Նարեկը ստիպված է անվերջ պաշտպանվել, բայց ինչո՞ւ: Հյուսիսային պողոտայի շենքերի հեղինակները նաև ուրիշ ճարտարապետներ են, ինքն էլ իրենն է կառուցել, բայց երբ այն քննադատում են ինչ-ինչ բաներ նշելով, բոլորի փոխարեն միայն Նարեկն է պատասխանում: Ու՞ր է այդ թիմը, ինչու՞ են մենակ թողել նրան: Ինչու՞ մյուսները սկզբունքային չեն պաշտպանում իրենց ստեղծագործությունը: Հյուսիսային պողոտայի վերաբերյալ որևէ լուրջ մասնագիտական գնահատական այսքան ժամանակ չի եղել, միայն` բամբասանք: Իրականությունը, կարծում եմ, այլ է՝ մարդկանց զգալի մասը Հյուսիսային պողոտայի ճարտարապետության դեմ չի, որ բողոքում են, դժգոհությունն ավելի շուտ սոցիալական է, կառուցված էլիտար շենքերի անմատչելիության դեմ է:
Այս օրերի աղմուկ-աղաղակը չեմ հասկանում ինչի՞ դեմ է: Քաղաքային իշխանությունը հանրապետության հրապարակի մրցույթ է հայտարարել և ասում է, թե մասնագետների մտքերն ու առաջարկները հավաքելու, մեկտեղելու կարիք կա: Որովհետև ճարտարապետությունը կրպակ չի, այսօր կառուցում ես, վաղն ապամոնտաժում-գցում ես դուրս, պիտի մասնագետների հեռանկարային մտքերին ծանոթանաս: Եվ երևի թե մտքերից վախեցած են աղմկում ոմանք: Ես հիշում եմ՝ Սարյան փողոցի բարձունքի մեր տնից նայում էինք՝ պատկերասրահի գլխին կառուցվող այլանդակությանը և լաց էինք լինում: Ու՞ր էին այդ ճարտարապետները, Մինասյանն ու մյուսները` իրենք կարող էին չէ՞ ինչ-որ բան անել: Բա Ալեքսանդր Թամանյանի հրապարակին չէ՞ր վերաբերում դա: Թե վախենում էին ասեին՝ էս ի՞նչ եք անում: Եթե պայքարել են ու նպատակին չեն հասել, ուրեմն, թույլ են: Հիմա, այս ամենաթողության ժամանակ ինչ ուզում ասում են և այնքան անձնավորված չարություն կա: Եվ ովքե՞ր են դատավորները: Ուզում ես Երևանում թաղ առ թաղ պեղել-գտնել Սարհատ Պետրոսյան անունը, ո՞վ է այդ մեծ-մեծ խոսող տղան: Միտք ունես, ճարտարապետ ես` արտահայտիր քո մասնագիտությանը հարիր կերպերով, չունես, չես կարող, քեզնից կարող մասնագետներ շատ ունենք` ահել ու ջահել: Թե չէ` արդեն զավեշտ է՝ գաղափարներ բերելու համար, հրապարակի, Երևանի կենտրոնի, մայրաքաղաքի զարգացման հեռանկարների դեմ են խոսում, քանի որ առաջարկը Նարեկ Սարգսյանինն է:
Նարեկ Սարգսյանին խաչել պետք չէ: Նա մարդ է, որը գործ է անում`չի բամբասում, գործ է անում և կարող է նաև սխալվել: Գործ չանողը երբեք սխալ չի անում:
Մեկ այլ հարց էլ տարիներ շարունակ ուզում եմ հասկանալ, երբ ասում են Երևանի պատմական հուշարձաններ, ի՞նչ չափանիշներով է որոշվում հուշարձան կոչված շենքերի պատմականությունը: Ի վերջո, Երևանը գավառական քաղաք էր և ամենապատմական հուշարձանները ռուսական գավառական քաղաքներին բնորոշ մի քանի շենքեր էին:
Հաճախ ասում են, Երևանի պատմական դեմքը փոխվում է: Ո՞րն է Երևանի պատմական դեմքը, այդ հին հյուղակները, կարիճանոցները: Դրանցից մարդկանց հանեցին` գոհ ու դժգոհներ եղան, բայց դա ճարտարապետների խնդիրը չէ, այլ` պետության: Ես Երևանը, բնիկ Երևանը շատ լավ գիտեմ, և չեմ հասկանում, թե ինչն է ճարտարապետական կոթող համարվում: Եթե բաքվեցին հին Բաքվի մասին խոսի՝ կհասկանամ՝ Մանթաշովի, Արամյանցի փողերով իրագործված փառահեղ կառույցները տեսել եմ, ֆանտաստիկ բաներ են, եվրոպական մակարդակի շինություններ` բարերարների ինիցիալներով: Մնացին թուրքի ձեռքին: Այս խնդրին մեծ վերապահումով պիտի մոտենալ, չի կարելի անվերջ աղմկել, մանավանդ, դա այնքան էլ մեր օգտին չէ: Հայերը Թիֆլիսն ու Բաքուն կառուցել են, իսկ Երևանին բաժին թողել խեղճուկրակութունը: Եվ մանավանդ այսօր մարդիկ կան, որ խոսում են Երևանի ճարտարապետական հուշարձաններից, որոնք հայաստանյան, երևանյան հոգեբանությունից հեռու են, այլ մենթալ միջավայրի արդյունք են: Ես, օրինակ, շատ ափսոսում եմ, որ Աբովյան փողոցի քչքչան առվակները, փակ բակերը և զով դալանները կորցրինք: Երևանի դեմքը Նորքի անտառն էր, Հրազդանի կիրճն էր, որ հիմա դարձել է լափատուն: Ու՞ր էին այդ աղմկարարները, երբ Զանգվի ձորը զավթում էին, երբ Ծիծեռնակաբերդի անտառը, որն իսկական պատմական հուշարձան էր՝ ստեղծված մի քանի սերունդ երևանցիների` մեր ձեռքով, հատում էին: 90-ականների սկզբին էլ սկսեցին այլանդակ կառույցներով պատել ձորը: Մենք հո մանկուրտ չենք: ՀՀԿ, ՀՅԴ շենքերը մաքրվեցին, հրաշալի վերակառուցվեցին, ի՞նչ վատ է, նայում ես՝ մայրաքաղաքին հարիր շինություններ են: Մենք ի վերջո, ոչ Բաքու ենք, ոչ Թիֆլիս, մեկը նավթի վրա էր նստած, մեկն էլ՝ իր աշխարհագրական դիրքի: Իհարկե, Թիֆլիսի կոնֆետային քաղցրությունն իմը չէ: Իմ թթվածինը Երևանում է:
Ի դեպ, կինո Մոսկվայի ամառային դահլիճի համար բարձրացված աղմուկը ևս ուռճացված եմ համարում: Ճարտարապետներն այս անգամ բանակների չէին բաժանվել, բայց, դարձյալ, հետևողական չեղան, որ կարողանային նրա իրական, թեկուզև չիրագործված ժառանգությունը պահպանել: Որպես գրականության մարդ կարող եմ բացատրել այդ շինության ուռճացված ընկալումը` զուգահեռներ տանելով իմ ոլորտի հետ: Լճացման տարիներին դիսիդենտական գրականություն էր ստեղծվում և մենք միայն նրա համար, որ հեղինակները այլախոհներ էին և «սամիզդատով » էր տպագրվում, միանշանակ ընդունում էինք: Էլ խորամուխ չէինք լինում դրանց գեղարվեստական արժանիքների մեջ: Սոլժենիցինի Արշիպելագ-Գուլագը արդյո՞ ք ամենահանճարեղ գործն է: Այդ նույն ժամանակ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը » վեպով մի ողջ երկիր կերտվեց` Իսսիկ-Կուլը դարձավ աշխարհի մշակութային կենտրոններից մեկը: Իրականում Կնդեղցյանի արածը շեղում էր խրուշչովկաներից, և դա այն ժամանակ որպես սխրանք գնահատվեց: Բայց ժամանակն անցնում է և ժամանակն իր գնահատականները տալիս է, ու ես ուզում եմ հասկանալ կինո Մոսկվայի հետևում ծվարած այդ բետոնակույտը ի՞նչ էր… Սպարտակ Կնդեղցյանը շատ ավելի տաղանդավոր էր, քան այդ ամառայինը: Այսինքն, բաներ կան, որ պիտի կարողանանք ճշգրիտ գնահատել`մենք մեր իսկական արժեքները թողած` Սանահինը, Հաղպատը, մայրաքաղաքում ցույցեր ենք անում : Երևանում շատ ձեռնտու է ցույցեր անելը, անընդհատ խոսելը, ուշադրության կենտրոնում լինելը, ջաղացը կորցրել, չախչախի հետևից ենք ընկել: 1968 թ. հայկական ճարտարապետական բարձրարվեստ, քաղաքաշինական հուշարձան հանդիսացող էջմիածնի կենտրոնը քանդեցին, ինչ ասեղնագործ պատշգամբներ էին և փոխարենն ինչ անհեթեթ շենքեր կառուցեցին: Անհավատալի բան էին` ռելիեֆի, կաթողիկոսանիստ քաղաքի, արևի հետ ձուլված այդ տները, որոնք առանց մտածելու քանդեցին և վարդագույն խրուշչովկաներ սարքեցին:
Իմ հեռավոր բարեկամ Նարեկ Սարգսյանին ուզում եմ ասել՝ դիմացիր, գործ անողները կարող են նաև սխալվել, մեր ժողովուրդը իմաստուն է: Իսկ աղմկողները մեր ժողովուրդը չեն: Ուզում եմ իրեն համբերության կոչ անել և ասել, որ միշտ փոքրամասնությունն է թելադրում, միշտ այդպես է եղել, ժողովուրդը կապ չունի սրա հետ: Շատ լուրջ թեմաներից խոսեցի, ես ճարտարապետ չեմ, հասարակագետ եմ և գիտեմ՝ ինչ են անում և ասում ժողովրդի անունից, ինչպես են ամբոխին ուղղորդում` իրենք իրենց ներկայացնելով իբրև ժողովուրդի խոսնակներ: