Կառավարությունը վերջնաժամկետ է սահմանել աղետի գոտու խնդիրների լուծման համար
Կառավարությունը սահմանել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) բնակարան (բնակելի տուն) ստացած անձանց հետ հատկացված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետը:
Որոշմամբ ակնկալվում է ապահովել ծրագրի շրջանակում հատկացված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող 955 բնակարանների (բնակելի տների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցումը: Դա կնպաստի այդ բնակարանների (բնակելի տների) մասով գույքահարկերի հավաքագրմանը, իսկ բազմաբնակարան շենքերի մասով նաև այդ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանը:
Ըստ հիմնավորման՝ Գյումրիում 2010թ. կառուցված 1056 բնակարանից ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին հատկացվել է 1037 բնակարան, Սպիտակում կառուցված 220 բնակելի տնից՝ 199-ը, իսկ Գյումրիում 2012թ. կառուցված 1756 բնակարանից՝ 1754–ը: Պայմանագրերի կնքման վերջնաժամկետ է սահմանվել 2016թ. դեկտեմբերի 1-ը:
Կարևորելով որոշման ընդունումը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այն նույնիսկ ուշացումով է ընդունվում: «Մարդիկ տարիներ շարունակ այդ բնակարաններում ապրում են և չունեն սեփականության վկայական: Պատճառներ չփնտրելով՝ ես հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, տարածքային կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին հետամուտ լինել և պատասխանատվությամբ այս ծրագիրն իրականացնել ժամկետում: Կարծում եմ՝ դա շատ կարևոր խնդիր է»,-նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նաև աղետի գոտում կան նման բազմաթիվ խնդիրներ և հանձնարարել է քաղաքաշինության նախարարին ևս մեկ անգամ վերջնական գույքագրել և այդ բոլոր հարցերին տալ լուծում: