ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԸ ԿԽՆԱՅԻ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՖԻՆԱՆՍՆԵՐԸ
Սկզբնաղբյուր http://armworld.am/detail.php?paperid=5235&pageid=159707&lang=
www.armworld.am
Անցած տարի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց օրենքի մի նախագիծ, որն ըստ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի` շատ կարեւոր է համայնքներում կառուցապատման իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգերը պարզեցնելու, ավելորդ խոչընդոտներն ու քաշքշուկները վերացնելու եւ այդ կերպ մասնավորների կողմից շինարարության ոլորտում ներդրումներ ապահովելու առումով:
Խոսքը վերաբերում է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծին, որն անցած տարի արժանացել էր Ազգային ժողովի հավանությանը` գրեթե բոլոր խմբակցությունների դրական գնահատականը ստանալով: Արդեն օրենքի ուժ ստացած նախագծով լիցենզավորման ենթակա շինարարական օբյեկտների տեսակների ցանկից դուրս են եկել մի շարք շինություններ, որոնց շինարարությունն այսուհետ կհամարվի չլիցենզավորված գործունեություն: Այսինքն` դրանց շինարարական աշխատանքները կկատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի եւ տնտեսական հսկիչի ներգրավման:
Ի դեպ, օրենքով նախատեսված փոփոխությունները միտված են մասնավոր սեկտորի կողմից ոչ միայն անհատական բնակարանաշինության, այլեւ գյուղատնտեսական արտադրության, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրական գործունության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Փաստորեն քաղաքաշինության ոլորտի բարեփոխումները նաեւ Հայաստանի համայնքներում բիզնես հիմնելու համար հնարավոր պարզեցումներ են նախատեսում, քանի որ գործարարը որեւէ բիզնես կառույց հիմնելու համար այսուհետ ազատված կլինի մի շարք քաշքշուկներից, որոնք, հնարավոր է, նախկինում նրան թեւաթափ անելով` ստիպում էին հրաժարվել իր այս կամ այն ծրագիրը կյանքի կոչելու մտքից:
Չլիցենզավորված գործունեություն պահանջող օբյեկտների ցանկում ներառված են գյուղական բնակավայրերում կառուցվող՝ 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա եւ մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում` 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ՝ ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:
Այս կարգի շինություններ կառուցելու մտադրության դեպքում քաղաքացին պետք է դիմի այն համայնքի ղեկավարին, որտեղ ցանկանում է շինարարություն իրականացնել՝ նրան ներկայացնելով ընդամենը շինության նախագծի կրկնօրինակը եւ գլխավոր հատակագծի վրա իր ապագա սեփականության տեղադիրքի սխեման: Միայն այդ փաստաթղթերի առկայությունը բավական կլինի համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն ստանալու համար:
Մինչդեռ նախքան օրենքի ընդունումը` կառուցապատողը պարտավոր էր նաեւ շինարարի հետ լիցենզավորման փաստաթուղթ եւ պայմանագիր ձեռք բերել, ինչը լրացուցիչ բեռ էր դառնում կառուցապատողի համար` խլելով նրա ժամանակը, նյարդերը եւ գումարները: Լիցենզավորման պահանջը վերացնելու դեպքում կառուցապատողին հնարավորություն է տրվում խնայել իր ֆինանսական միջոցների մոտ 35 տոկոսը, իսկ շինթույլտվություն ստանալու ժամանակահատվածը զգալիորեն կրճատել:
Ի դեպ, քաղաքաշինության նախարարությունը կառուցապատողի հնարավորություններն ավելի ընդլայնելու եւ նրան շինարարական այլ տեսակի ընթացակարգերից եւս զերծ պահելու նպատակով ժամանակին շրջանառության մեջ է դրել 1-2 հարկայնությամբ 41 օրինակելի բնակելի տների նախագծերի կատալոգներ, իսկ 2014թ. դրանց ավելացան նաեւ ՓՄՁ-ների օրինակելի նախագծերի կատալոգները, որոնցից օգտվելու դեպքում կառույցի սեփականատերը կազատվի նախագծման առաջադրանք ձեռք բերելու, նախագծային փաստաթղթեր պատվիրելու եւ փորձաքննություն իրականացնելու պարտավորությունից, իսկ շինթույլտվությունը կտրամադրվի եռօրյա ժամկետում: Կատալոգները նախատեսված են բազմակի օգտագործման համար` առանց որեւէ սահմանափակման:
ՓՄՁ-ների օրինակելի նածագծերի կատալոգներում ներառված են պահեստների, ջերմատների, գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամասերի, չորանոցների, սառնարանային տնտեսության օբյեկտների նախագծեր: Դրանց ընտրությամբ կառուցապատողը ե՛ւ ժամանակ է խնայում, ե՛ւ ֆինանսական միջոցներ:
Ի դեպ, յուրաքանչյուր նախագիծ մոդուլային մոտեցմամբ է նախագծվել: Դա նշանակում է, որ մեկ հիմնական մոդուլի տարաբնույթ համակցումների միջոցով կարելի է ստանալ 150 քմ-ից մինչեւ 1500 քմ-ի համար նախատեսված նախագծեր: Նման կատալոգների ստեղծման նպատակն է բարելավել գործարար միջավայրի ցուցանիշները` ավելի դյուրին դարձնելով օբյեկտների կառուցումը:
Օրինակելի նախագծերի կատալոգներից օգտվելու դեպքում կառուցապատողին շինթույլտվության համար մնում է միայն գլխավոր հատակագծի վրա դրանց տեղադրության սխեման ներկայացնել, քանի որ կատալոգային նախագծերն արդեն իսկ անցել են անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը` ընդհուպ մինչեւ փորձաքննություն: Կատալոգները ներառում են նաեւ օժանդակ շինությունների նախագծեր, օրինակ, ամառային խոհանոց, բակային տաղավարներ եւ այլն:
Նման նախագծերի կատալոգների առկայությունը անհատ կառուցապատողին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել անվճար, իր ճաշակին եւ ֆինանսական հնարավորություններին համապատասխան նախագիծ, որն իրականացվել է գործի գիտակ մասնագետների ձեռքով եւ վստահաբար կարող է հուսալի կառույցի հիմք դառնալ:
2013թ. շրջանառության մեջ է դրվել բնակելի կառուցապատման էներգաարդյունավետ բնակելի տների օրինակելի նախագծերի կատալոգը` հաշվի առնելով, որ այսօր քաղաքաշինության ոլորտում հատկապես խրախուսվում է էներգախնայող շինարարությունը, ինչը բխում է միջազգային չափորոշիչներից:
Նախարար Նարեկ Սարգսյանի դիտարկմամբ` կատալոգային առաջարկների միջոցով նաեւ բնակավայրերում կառուցապատման միասնական ճարտարապետական լուծումներով միջավայր ձեւավորելու խնդիրն է լուծվում: Այսինքն` կատալոգներում առկա նախագծերի կիրառումը հնարավորություն կտա խուսափել անկանոն, ճարտարապետական առումով անգրագետ եւ ընդհանուր միջավայրին չինտեգրվող կառույցների շինարարությունից:
Նախարարը չի բացառում, որ հետագայում կատալոգային նախագծերի մոտեցումը կիրառվի նաեւ քաղաքային բնակավայրերում` քաղաքը շինարարական խայտաբղետությունից հնարավորինս զերծ պահելու նպատակով:
«Լիցենզավորման մասին» նոր օրենքը կառավարության` քաղաքաշինության ոլորտում ներդրումային միջավայրի համար գրավիչ պայմաններ ստեղծելու եւ կառուցապատման ընթացակարգերը պարզեցնելու ծրագրում ներառված նախագծերից մեկն է, որից թե՛ կառավարությունը, թե՛ քաղաքաշինության նախարարությունը դրական սպասելիքներ ունեն:
Նարեկ Սարգսյանը 2015թ. տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ մեր երկրում շինարարության ոլորտում արվում է հնարավոր ամեն բարեփոխում` ներդրողների, կառուցապատողների գործունեության համար նպաստավոր պայմաններ ապահովելու եւ ընդհանրապես նրանց Հայաստան ներգրավելու եւ իրենց ֆինանսական միջոցներով այստեղ շինարարական տարատեսակ ծրագրեր իրականացնելու համար:
Այդ նպատակով շարունակաբար կատարելագործվում են պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանը նպաստող մեխանիզմները, վերացվում կառուցապատման գործընթացներում լրացուցիչ բեռ առաջացնող կարգավորումները, մասնավորապես կատարելագործվում է ողջամտորեն պարզեցված պայմաններով կառուցապատման թույլատվական համակարգը: Այդ կերպ մենք կկարողանանք աշխուժացնել տնտեսության այն ոլորտը, որը, ինչպես սիրում է նշել նախարարը, մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա երկրի ամբողջ տնտեսության համար` նպաստելով նաեւ դրա մնացած ճյուղերի զարգացմանը:
Նարեկ Սարգսյանը այդ ուղղությամբ իրականացրած ծրագրերն արդեն իսկ բավարար է գնահատում` հիշեցնելով, որ դեռ նախորդ տարվա վերջին հեղինակավոր Doing business կազմակերպության տվյալներով` Հայաստանն աշխարհում շինարարության ոլորտում ներդրումների համար գրավիչ պայմաններ առաջարկելու առումով առաջատարների թվում է հայտնվել: Սա այն դեպքում, երբ բիզնես միջավայրի գրավչությանը նպաստող նախաձեռնությունները նոր են սկսել կյանքի կոչվել: