Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համակարգը համալրվելու և պարզեցվելու է
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը 2016 թվականի ընթացքում նախատեսում է համալրել համայնքներում քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի համակարգը, դրա մշակման և հաստատման գործառույթների օպտիմալացման ու պարզեցման նոր լծակների ամրագրման միջոցով:
Նախարարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառման անհրաժետությունը պայմանավորված է համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձևավորման, դրանց մշակման և հաստատման գործառույթների օպտիմալացման ու պարզեցման լծակների ամրագրման անհրաժեշտությամբ: Համայնքների զգալի մեծամասնությունն ապահովված չէ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, ինչի հետևանքով բազմաթիվ համայնքներում կառուցապատումը կրում է չկանոնակարգված բնույթ, ինչն էլ իր հերթին սուբյեկտիվ որոշումների ընդունման հնարավորություն է ստեղծում: Ծրագրի իրականացումը կպարզեցնի և կօպտիմալացնի համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացը, կապահովի համայնքների ռազմավարական զարգացման պլանավորումը:
Ծրագրի շրջանակում ակնկալվում է ապահովել համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի առկայությունը` կիրառելով նաև միկրոռեգիոնալ փաստաթղթերի մշակման շրջանակներում խնդրո առարկա հարցերի լուծման հնարավորությունը, կանոնակարգել մինչև 15 հազար բնակիչ ունեցող համայնքների խմբերի համար գլխավոր հատակագծերի և պարզեցված գոտիավորման նախագծերի (հողօգտագործման ու կառուցապատման կանոնների) մշակման ու հաստատման գործառույթները, մեկ ընդհանուր` համակցված միկրոռեգիոնալ տարածական պլանավորման փաստաթղթում դրանք ամփոփելու միջոցով:
Տարածական պլանավորման նոր լծակների կիրառումն էապես կնվազեցնի նշված փաստաթղթերի մշակման համար համայնքների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, ինչը ևս խթան կհանդիսանա ՀՀ համայնքները տարածական պլանավորման փաստաթղթերով ապահովելու հիմնախնդրի արդյունավետ լուծմանը: