Երևանի Ֆիրդուսի փողոցին հարող տարածքում կստեղծվի նոր բիզնես և բնակելի թաղամաս
Սկզբնաղբյուր http://armenpress.am/arm/news/808869/erevani-firdusi-poxocin-harox-taratsqum-kstextsvi-nor-biznes.html
12.06.2015; armenpress.am
Երևանի Ֆիրդուսի փողոցի հարող տարածքում մոտ ապագայում կստեղծվի նոր բիզնես և բնակելի թաղամաս: Այս մասին հունիսի 12-ին Երևանի 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի կառուցապատման ներդրումային ծրագիրը պոտենցիալ ներդրողներին և կառուցապատողներին ներկայացնելու ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: «Անմիջապես Հանրապետության հրապարակի հարևանությամբ ստեղծվելու է Երևանի Հարավային պողոտան, որը նախատեսվում էր Թամանյանի հատակագծում: Իրացման ենթակա 54 հազար քմ տարածքում նախատեսվում է ստեղծել մեծ կլոր հրապարակ և հարող մի շարք շինություններ: Տարածքի իրացման սահմաններում չեն ներառվելու հուշարձան շենքերը. իրացման գոտին շրջանցելու է դրանք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Նարեկ Սարգսյանը:
Ներկայացնելով ծրագիրը` քաղաքաշինության նախարարը մանրամասնեց, որ ի տարբերություն մոտակայքի այլ հրապարակների, նոր հրապարակն ու դրան հարող նոր թաղամասը անկլավում են, և խնդիր կար բացել նոր փողոցներ, որպեսզի այս տարածքն ունենա քաղաքաշինական հայեցակարգ:
«Ըստ նախագծի` շուրջ 85 մ տրամագծով նորաստեղծ հրապարակում կհատվեն երեք փողոցներ, որոնք կմիանան Խանջյան և Բուզանդի փողոցներին, ինչպես նաև Տիգրան Մեծ պողոտային: Բավականին բարդ խնդիր ենք վերցրել մեր առջև, քանի որ ամբողջ տարածքում փողոցներն ու հրապարակները կազմելու են ավելի քան 50%, իսկ բարձրությունները բավականին սահմանափակ: Հանրապետության փողոցին հարող հատվածի շենքերի բարձրությունը կլինի ոչ ավելին քան 5-7 հարկ, իսկ Խանջյան փողոցին մոտ շենքերը նախատեսվում են լինել բնակելի և բարձրահարկ»,- տեղեկացրեց Նարեկ Սարգսյանը:
Հստակ տրված են յուրաքանչյուր հատվածի կառուցապատման չափորոշիչները՝ կառուցապատման և հողամասի մակերես, հարկայնություն, ստորգետնյա և վերգետնյա մաս, և այն, որը պարտադիր պետք է լինի հանրային:
«Բնակելի շենք հնարավոր կլինի կառուցել միայն այն հողատարածքներում, որտեղ հնարավոր կլինի ստեղծել նաև ներքին բակ: Մնացած բոլոր շինությունները կլինեն հյուրանոցներ, գրասենյակային տարածքներ և այլ նշանակության կառույցներ: Մենք ներկայացնում ենք հայեցակարգ, որի հենքի վրա կառուցապատողներն իրականացնելու են իրենց նախագծերը»,- պարզաբանեց քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության խորհրդատու Արտավազդ Թարխանյանը:
Ծրագրի շնորհանդեսին քաղաքաշինության նախարարը, հորդորելով հայաստանյան և արտերկրից ներդրողներին միանալ ծրագրի իրականացմանը, տեղեկացրեց, որ տարածքի կոմունիկացիոն համակարգի ստեղծմանը կաջակցեն Երևանի քաղաքապետարանն ու հանրապետության կառավարությունը: Թաղամասի կառուցումը նախատեսվում է իրականացնել առաջիկա 4-5 տարիների ընթացքում, որի ամբողջ ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ: