Մանկության վառ հուշեր, որ պատմում են նախարար դարձած «մանուկները»
Սկզբնաղբյուր http://www.tert.am/am/news/2015/06/01/ministers/1692709
01.06.2015; www.tert.am
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյան.
Որքան ինձ հիշում եմ՝ նկարչության մեջ եմ եղել…
Առաջին անգամ ինձ հիշում եմ նկարելիս՝ չորս տարեկան հասակում: Ձմեռ էր: Ջերմուկի մեր տունն եմ հիշում և վառարանը , որի շուրջ հավաքվում էինք: Այդպիսի ձմեռային մի օր հայրս եկել էր տուն, հոգնած վիճակում ընթրել և քնել, ու բանջարեղենի մի հատված մնացել էր բերանից կախված: Ինձ շատ հետաքրքիր էր այդ պահը և որոշեցի նկարել՝ հաջորդ օրն իրեն ապացուցելու համար, որ քնած վիճակում այդպես է եղել:
Լավ հիշում եմ՝ վերցրեցի թվաբանության վանդակավոր տետրակը և նրան նկարեցի… Այդ նկարն էլ դարձավ լուրջ խթան, որ սկսեմ նկարել:
Որքան ինձ հիշում եմ՝ շարունակ նկարչության մեջ եմ եղել՝ Ջերմուկի ձորերում, հարակից գյուղերում… Երբեք չեմ կասկածել, թե նկարիչ պիտի դառնամ: Երբ արդեն ավարտում էի դպրոցը և հաստատ որոշում ունեի, թե պիտի ընդունվեմ Գեղարվեստաթատերականի գեղանկարչության բաժինը, հայրս ինձ հրավիրեց զրույցի: Նա միշտ վարչական պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ներկայիս Վայոց ձորի մարզում. խորհրդային նոմենկլատուրայի տիպիկ ներկայացուցիչ էր:
Երբ հայրս ինձ հարցրեց, արդյոք հաստատ է որոշումս, ես շատ վստահ պատասխանեցի, թե՝ այո՛, նկարիչ եմ ուզում դառնալ: Նա թե՝ «այսինքն՝ մաշված ջինսեր հագա՞ծ պիտի ման գաս» և… խորհուրդ տվեց ինձ գոնե գնալ ճարտարապետական:
Հայրական դիկտատը, թերևս, իր դերը խաղաց, ես դիմեցի և ընդունվեցի պոլիտեխնիկի ճարտարապետականը: Բայց հիշում եմ՝ ընդունվելուց մեկ շաբաթ անց, երբ սկսեցինք առաջին գործերն անել, հիշում եմ՝ չինական տուշով, բարակ գրիչով արտանկարում էի Երերույքի 4-րդ դարի եռանավ բազիլիկ տաճարի ֆասադները, ես հայրիկիս հրավիրեցի հանդիպման: Պոլիտեխնիկի դիմացի այգում հանդիպեցինք և ես նրան ասացի՝ «պապ, շատ շնորհակալ եմ քեզանից»…