Մարզային այցեր` թեմատիկ բազմազանությամբ
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է ընթացիկ տարում նախարարության մարզային այցելություններին, տեղեկացնելով, որ մայիսի վերջին կկազմակերպվի այց ՀՀ Վայոց Ձորի մարզ: Հունիս ամսին կայանալիք մարզային այցերի համատեքստում նախարարը հատկապես կարևորել է հունիսի առաջին կեսին ՀՀ Շիրակի մարզ, Գյումրի քաղաք կատարելիք այցը՝ աղետի գոտու բնակապահովման խնդիր ունեցողների բնակարանների սեփականաշնորհման գործընթացի կազմակերպման նպատակով: Նախարարության պատասխանատուները հունիս ամսվա ընթացքում կայցելեն նաև ՀՀ Լոռու մարզ՝ Վանաձորում կառուցվելիք բուժկենտրոնի շինարարություն, ինչպես նաև՝ ՀՀ Արագածոտնի մարզ:
Ընթացք տալով քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ընթացքում մասնագետների բարձրացրած՝ հայ ճարտարապետների աշխատանքների հանրահռչակման և ճանաչելիության խնդրին, նախարար Ն. Սարգսյանը հանձնարարել է նախարարության ենթակայության տակ գործող Ճարտարապետության ազգային և Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտների տնօրեններին՝ պատրաստել հանրապետության մարզերում հայ ճարտարապետների հեղինակած արժեքավոր և ուշագրավ շենքերի վերաբերյալ տեղեկանք, որը կներառի շենքերի հեղինակների անունները և կառուցման տարեթվերը՝ այդ շենքերի վրա նրանց անունները փորագրելու համար:
Հանրապետության մարզերում տեղադրվող քանդակների վերաբերյալ քաղաքաշինության նախարարությանն ուղղված դժգոհություն-ահազանգերը կանխելու նպատակով և անսալով մի խումբ քանդակագործների առաջարկներին, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում առաջիկայում կստեղծվի նախարարին կից գեղարվեստի հանձնաժողով, որը նախապես կքննարկի մարզերում տեղադրվող քանդակները:
Անդրադառնալով եզրափակիչ փուլում գտնվող Ճարտարապետական գործունեության մասին ՀՀ ճարտարապետների միավորման հետ համատեղ մշակվող օրենքին, նախարարը գնահատանքի խոսք է հայտնել քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին՝ վերջինիս կողմից օրենքի մշակման ուղղությամբ կատարած աշխատանքների համար: