Գյումրիում եւ Երեւանում բնակարանային խնդիրներ են լուծվում
Սկզբնաղբյուր http://www.azg.am/AM/2015041706
16.04.2015; azg.am
Նոր կառավարության քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջին գործերից մեկը եղավ Գյումրու` երկրաշարժի հետեւանքով դեռեւս անօթեւան մնացած մոտ 450 ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Վարչապետի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց հարցի լուծմանՙ բնակարանի գնման վկայագրի (ԲՎԳ) տարբերակը: 215 ընտանիքների արդեն հանձնվել են վկայագրերը, մյուսներինն էլ կհանձնվեն այս տարի:
Երեւանում կարծես թե կարգավորվում են իրացման գոտիներում սեփականությունից զրկված եւ փոխհատուցում չստացած բնակիչների` տարիներ շարունակ ձգձգվող խնդիրները: Կոնդ թաղամասի հանրային գերակա շահ ճանաչված տարածքից բնակարան չստացած մոտ 100 ընտանիքների համար կառավարությունը որոշել է կառուցել նոր շենք նույն թաղամասում` Պարոնյան փողոցի վրա: Ֆիրդուսի թաղամասի նույն վիճակում հայտնված բնակիչների խնդրի լուծման ուղղությամբ քայլերը սպասվում են առաջիկա ամիսներին: Այս մասին պայմանավորվածությունները ձեռք են բերել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ վերոնշյալ տարածքների բնակիչների հանդիպումների ժամանակ:
Քաղաքաշինական խոշոր ծրագրերից մեկը, որը ձգձգվում էր մոտ 10 տարի, այս տարի կսկսի իրագործվել: Երեւանի Գլխավոր պողոտայիՙ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում «Հին Երեւանի» կառուցապատման ծրագրի մասին պայմանագիր կնքվեց: Շվեյցարաբնակ Վարդան Սրմաքեշը շուրջ 120-130 մլն դոլարի ներդրումներ կիրականացնի այստեղ:
