ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ» ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
10.04.2015; armworld.am
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ երեկ Երեւանում տեղի ունեցավ «Ազգային կարողությունների զարգացում Հայաստանի բնակարանային քաղաքականության եւ քաղաքների պլանավորման բնագավառներում» թեմայով աշխատաժողովը
Քաղաքաշինության նախարարության համակարգմամբ ներկայումս իրականացվում է «Հայաստանի քաղաքների պլանավորման եւ կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագիրը, որի շրջանակներում էլ նախատեսվում է իրականացնել «Երկրի նկարագիրը» (Country Profile)` քաղաքների պլանավորման եւ զարգացման, հողերի կառավարման, բնակարանային քաղաքականության, հանրային ծառայությունների եւ ենթակառուցվածքների, կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմացման, շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ու էներգախնայողության ոլորտներում օրենսդրական, ինստիտուցիոնալ շրջանակների եւ ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունների ծրագիրը: Այդ ծրագրում է ներառված նաեւ «Խելացի քաղաք» փորձացուցադրական` պիլոտային ծրագրի իրականացումը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ շնորհակալության ու գնահատանքի խոսք ուղղեց ծրագրի բոլոր մասնակիցներին ու աջակիցներին, որոնց ջանքերի շնորհիվ կատարվել են ծրագրի մշակման աշխատանքները` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակին, Ասիական բանկին, ՄԱԿ-Հաբիթաթիին, Հայաստանի կառավարության տարբեր օղակներին, տեղական ինքնակառավարման մարմիններին:
Կարեւորելով ծրագրի իրագործումը Հայաստանում` նախարարը նշեց. «Քաղաքաշինության խնդիրները լուծելիս առաջնորդվում եք հարմարավետ, ապահով, անվտանգ եւ գեղեցիկ միջավայր ստեղծելու մտադրությամբ: Այս ծրագիրը ներառում է այդ ամենը եւ մեզ համար շատ օգտակար է: Քաղաքների պլանավորման, բնակարանային քաղաքականության, շենքերի էներգաարդյունավետության ու էներգախնայողության խնդիրներին վերաբերող հարցերն այսօր ծառացած են Հայաստանի կառավարության առջեւ, եւ ծրագիրը այդ մարտահրավերներին դիմակայելու հնարավորություն է: Այն իրականացնելու համար պրոֆեսիոնալ կազմ է հավաքվել, մեր գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում, հուսով եմ, այն հնարավոր կլինի իրականացնել»:
Երեկվա աշխատաժողովը նշանավորվեց նաեւ գործընկերների միջեւ համագործակցությունն ամրապնդելու եւ նշված ծրագրերն արդյունավետ իրականացնելու նպատակով երկու համագործակցության փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի եւ Հայաստանի կառավարության միջեւ, մյուսն էլ` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի, ՀՀ կառավարության, Գորիսի քաղաքապետարանի եւ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հայաստանյան գրասենյակի միջեւ:
Ներկայացնելով հուշագրերի կարեւորությունը՝ քաղաքաշինության նախարարի տեղակալ ՌՈՒԶԱՆՆԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ նշեց, որ թեեւ հուշագրերն առանձին են ստորագրվել ու տարբեր են, սակայն դրանք փոխլրացնում են միմյանց։ Փոխըմբռնման հուշագրերից առաջինը վերաբերում է «Երկրի նկարագրի» աշխատանքների համակարգմանը: «Երկրի նկարագիրը տարբեր ուղղություններով է իրականացվում` սոցիալական, տնտեսական, մշակութային եւ այլն: Սակայն հուշագրով ամրագրվել է, որ մեզանում ուսումնասիրություններ են կատարվելու բնակարանային քաղաքականության, տարածական պլանավորման ոլորտներում, որոնք իրենց հերթին ներգրավում են այլ ոլորտներ` աղետների դիմակայում, կլիմայի հարմարվողականություն, մշակութային ժառանգության պահպանություն եւ այլն:
Ուսումնասիրությունների արդյունքում ենթադրվում է, որ համակողմանիորեն կուսումնասիրվի մեզանում այդ ոլորտներում առկա իրավիճակը, կնշվեն բոլոր բացերն ու խնդիրները, եւ այդ մարտահրավերներին դիմակայելու, խնդիրներին գործուն եւ արդյունավետ լուծումներ տալու ուղղություններ կնախանշվեն»,- ասում է նախարարի տեղակալը:
Մյուս հուշագիրը վերաբերում է Գորիսում նախատեսվող «Խելացի քաղաք» ծրագրի իրագործմանը: Բացատրելով, թե ինչ ասել է խելացի քաղաք` Ռուզաննա Ալավերդյանը նշեց, որ յուրաքանչյուր երկիր «Խելացի քաղաքի» իր չափորոշիչն ունի, որը բխում է տվյալ ժողովրդի կենսակերպից, ազգային առանձնահատկություններից, կենսամակարդակից, կենսական պահանջներից:
Բայց ընդհանուր առմամբ «Խելացի քաղաքը» նախատեսում է մատչելի բնակարանաշինություն, էներգիայի սպառման խնայողություն, աղտոտող արտանետումների մակարդակի կտրուկ իջեցում. «Խելացի քաղաք ասելով՝ հասկանում ենք այն միջավայրը, որտեղ մարդու համար հարմարավետ ապրելու բոլոր պայմանները հաշվի են առնված: Այն կանաչ տարածքներով հագեցած, մարդու առողջության համար նպաստավոր, մարդկանց կարիքները հոգալու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված, կայուն մարդկային բնակավայր է, որը խթանում է ներդրումների իրականացումը տարբեր ոլորտներում եւ արդյունավետորեն կառավարում առկա ֆինանսական ռեսուրսները:
«Խելացի քաղաք» նախաձեռնության նպատակն է նախագծի շրջանակներում աջակցել պետական եւ տեղական իշխանություններին՝ մշակելու եւ իրականացնելու պետական եւ տեղական քաղաքականություն՝ կայուն քաղաքաշինական զարգացման համար»:
Այս հուշագրի շրջանակներում ծրագրի փորձագետները, համագործակցելով տեղական իշխանությունների եւ գործընկերների հետ, կհավաքեն տվյալներ եւ կպատրաստեն Գորիս քաղաքի նկարագիրը, այնուհետեւ կմշակվեն առաջիկա գործողությունների ծրագրեր: Դրանից հետո կսկսվի մոինիտորինգի փուլը:
Լրագրողների այն հարցին, թե ինչու է փորձացուցադրական նպատակներով ընտրվել Գորիս քաղաքը` նախարարի տեղակալը պատասխանեց, որ Գորիսն ընտրվել է բազմաթիվ քննարկումներից հետո՝ որպես պատմական կառուցապատման միջավայրը պահպանած, մի շարք կարեւոր մայրուղիների խաչմերուկում գտնվող եւ Հայաստանի հարավային դարպասի կարեւոր հենակետերից համարվող քաղաք. «Գորիսը նաեւ այն քաղաքն է, որտեղ մեր օրերում առանձնապես ներդրումներ չեն արվել` ի հակադրություն Դիլիջանի: Իսկ մենք համաչափ տարածքային զարգացման խնդիր ունենք: Ուստի այդ տեսանկյունից նույնպես Գորիսն այս ծրագրի համար ամենանպատակահարմարն է:
Ի դեպ, այն առաջին խելացի քաղաքն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ, եթե չեմ սխալվում, ամբողջ տարածաշրջանում: Խելացի քաղաքներ գոյություն ունեն Եվրոպայում, Ասիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլուր: Սակայն այս տարածքում փաստորեն նման քաղաքի ծիծեռնակը հայկական քաղաքը կդառնա: Ծրագիրն իրեն արդարացնելու դեպքում կիրականացվի նաեւ Հայաստանի այլ քաղաքների համար` Հայաստանում ապահովելով քաղաքների հավասարաչափ զարգացումը»:
Առաջիկա օրերին Գորիս քաղաքում տեղի կունենա «Գորիսը` խելացի քաղաք» աշխատաժողովը, որի շրջանակներում միջազգային եւ լոկալ փորձագետների մասնակցությամբ կքննարկվեն քաղաքը խելացի դարձնելու նպատակով իրականացվելիք քայլերը:
Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ, անդրադառնալով Գորիսում իրականացվելիք ծրագրին, ընդգծեց դրա կարեւորությունը որպես Հայաստանում քաղաքների կայուն զարգացումը խթանելու ռազմավարական միջոց. «Նման ծրագրերը կարեւոր են մանավանդ անցումային տնտեսություններ ունեցող եւ զարգացող երկրներում: Հիմնվելով իրականացված լավագույն ծրագրերի փորձի փոխանակման, փոխգործակցության եւ կարողությունների հզորացման վրա` «Խելացի քաղաքի» գաղափարը Հայաստանում հնարավոր կլինի իրագործել հնարավորինս արդյունավետ եղանակով: Իսկ դա հնարավորություն կտա Գորիսում ստեղծել ինքնաբավ համայնք, որտեղ մարդկանց ապրելու համար լավագույն հարմարավետ պայմանները կապահովվեն:
Կարծում եմ, որ Գորիսի համայնքի ղեկավարության, քաղաքաշինության նախարարության եւ միջազգային կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ կայուն քաղաքի այնպիսի մոդել կստեղծվի, որը կկարողանանք տարածել նաեւ հանրապետության մյուս քաղաքների վրա: Սա քաղաքների հավասարաչափ զարգացման ուղիներից է, որի կիրառման անհրաժեշտությունը մեզանում արդիական է: Ընդ որում՝ քաղաքների հավասարաչափ զարգացման հարցը լուծելով` մեզանում կլուծվեն կամ կթեթեւանան նաեւ սոցիալական, տնտեսական, կրթական, բնապահպանական առկա խնդիրները»:
Քաղաքների հավասարաչափ զարգացումը Հայաստանի առաջ ծառացած եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է, ինչը աչքի առաջ ունենալով՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանին հորդորում են չանտեսել այն եւ խնդրի լուծման համար ազգային ծրագրեր իրականացնել` պետական միջոցներով ու նախաձեռնությամբ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի պետականորեն իրականացնել բոլոր քաղաքների, հետեւաբար երկրի հավասարաչափ զարգացումը` այդ կերպ նպաստելով ամբողջ պետության առաջընթացին: