ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏՈՒՄ ՍԿՍԵԼ Է ՓՈԽՎԵԼ
Սկզբնաղբյուր http://armworld.am/detail.php?paperid=4989&pageid=153048&lang=
21.01.2015; armworld.am
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի՝ նախօրեին հրավիրած 2015 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում նա անդրադարձ է կատարել քաղաքաշինության ոլորտում իրականացվելիք ծրագրերին ու նախաձեռնություններին, հստակ ցուցանում է, որ այս բնագծում որակական փոփոխություններ են կատարվել, քաղաքականություն է փոխվել
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԻ
Այդ են վկայում նախարարության մշակած մի շարք օրենքները, որոնց ընդունումը կարեւոր է մեր քաղաքի, քաղաքաշինության եւ այս ոլորտի բազմաթիվ հարցերի կանոնակարգման առումով:
Մասնավորաբար խոսքը «Երեւանի փոքր կենտրոնի մասին», «Ճարտարապետական գործունեության մասին», «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին (ներառելով «Հայաստանի վաստակավոր շինարար» կոչումը), ինչպես նաեւ՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (տնտեսական եղանակով շինարարության թույլատրելի օբյեկտների մասով) ՀՀ օրենքների նախագծերի մասին է, որոնք 2015-ին Ազգային ժողովի հաստատմանը պիտի ներկայացվեն:
Նշենք, որ «Ճարտարապետության մասին» օրենքի քննարկումները ճարտարապետների միության հետ համատեղ են իրականացվել եւ արդեն ավարտվել են, այսինքն՝ օրենքն ամբողջությամբ պատրաստ է։ Օրենքով ամբողջությամբ կարգավորվում են ճարտարապետ եւ կառուցապատող հարաբերությունները, ընդհանրապես ճարտարապետների պատասխանատվության շրջանակները։ Ասել է թե՝ այսուհետ կառուցապատողները ճնշում չեն կարող գործադրել ճարտարապետների վրա, ամեն ինչ օրենքի շրջանակում կարող է լուծվել: Ինչ վերաբերում է «Երեւանի փոքր կենտրոնի մասին» նոր օրենքին, այն մանրակրկիտ եւ վերջնական խմբագրումից հետո արդեն պատրաստ է։ Այստեղ շատ կոնկրետ նշված են խնդիրների լուծման ուղիները՝ կառուցապատման խտության, կանաչ տարածքների հետ կապված։
Ավելին՝ ամրագրվել է առանձին կետ, որը վերաբերում է քաղաքում տարիներ շարունակ անավարտ մնացած կիսակառույցներին, որոնց սեփականատերերի նկատմամբ պատժամիջոցներն են ամրագրվել։ Ասենք, եթե կառուցապատողը հստակ սահմանված ժամկետում չի ավարտում շինարարությունը, ապա նրա նկատմամբ լուրջ հարկային պարտավորություններ են սահմանվում, որոնք հետագայում աճում են երկրաչափական պրոգրեսիայով։
ԿԽԹԱՆՎԵՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Անցյալ տարեվերջին ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները շինարարության ոլորտի վերաբերյալ լրջորեն խորհելու տեղիք են տալիս: Բնականաբար այս բնագծում քաղաքականություն պիտի փոխվեր:
Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է 2014-ին ազգային վիճակագրական ծառայության կողմից շինարարության ոլորտում արձանագրված ցուցանիշներին, կարեւորելով 2015-ին նոր մոտեցումների մշակումը՝ խթանելու ներդրումային ծրագրերը, նպաստելու շինարարության կայուն զարգացմանը: Բնականաբար այս համատեքստում կարելի է դիտարկել քաղաքաշինության նախարարությունում ստեղծված նոր՝ ներդրումային վարչությունը:
Խորհրդակցության ընթացքում Ն.Սարգսյանը հիշատակել է արդեն իսկ սկսված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք նախադեպային կարող են լինել ոլորտի զարգացման համար՝ փոփոխություններ ապահովելով 2015 թվականի վերջերին: «Անցյալ տարեվերջին՝ 2014-ի դեկտեմբերի 2-ին, ստորագրվել է «Հին Երեւան» ծրագրի պայմանագիրը, որի շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի: Միաժամանակ, նախարարության կողմից աշխատանքներ են կատարվում 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսու շուկայի տարածքի կառուցապատման սխեմայի մշակման եւ ներդրողներին այն ներկայացնելու ուղղությամբ»:
Ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից նա կարեւորել է նաեւ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի դերն ու նշանակությունը՝ նշելով, որ այն տարիներ շարունակ զուտ շինարարություն կազմակերպող կառույց է եղել` հետին պլանում թողնելով իր բուն՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործառույթը:
ՈՉ ՄԻ ՆՈՐ ՇԵՆՔ՝ ԱՌԱՆՑ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ
Այսօրինակ իմպերատիվ պահանջ թերեւս առաջին անգամ է դրվում կառուցապատողների առջեւ, ինչը բավական ուշագրավ է:
Քաղաքաշինության նախարարի հանձնարարականի համաձայն, իրավական ակտերի շրջանակում հատուկ նորմատիվային պահանջներ կմշակվեն, որոնցով կբացառվի այսուհետ առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ կնախատեսվեն մանկական սենյակի, ծերերի զրուցարանի եւ այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքներ:
ՄԱՏՉԵԼԻ ԿԼԻՆԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ
Անդրադարձ կատարելով դեռեւս նախորդ տարի սկսված՝ քաղաքաշինության նախարարության ծրագրերին՝ ուղղված հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացմանը, քաղաքաշինության նախարարը հանձնարարել է ուսումնասիրել եւ խոշորացված նախահաշիվ կազմել Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին եւ ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով՝ նպատակ ունենալով տվյալ խնդիրը առաջիկայում ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Նա անդրադարձել է նաեւ Աղետի գոտու բնակապահովման ծրագրերին՝ նախարարության պատասխանատուներին հանձնարարելով, որ հետեւողական լինեն սեփականաշնորհման գործընթացի արագ իրականացմանը, քանի որ 2014-ին մեկնարկած ԲԳՎ ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է դրանով: Նա նշել է, որ 2015 թվականին պետք է ամբողջովին ավարտին հասցվի երկրաշարժի հետեւանքով Գյումրիում անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը:
Նարեկ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում կարեւորել է քաղաքաշինության նախարարության մարզային այցելությունները՝ մարզային քաղաքներին եւ գյուղական բնակավայրերին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու եւ տեղերում զարգացման ծրագրեր իրականացնելու համատեքստում: