ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՉԱՓ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՕՐՎԱ ՊԱՀԱՆՋ Է
Սկզբնաղբյուր http://armworld.am/detail.php?paperid=4977&pageid=152744&lang=
24.12.2014; armworld.am
Երեկ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ամփոփելով անցնող տարին, պատասխանեց լրագրողների հարցերին եւ ներկայացրեց ոլորտում առկա բացերն ու դրանց լուծման համար նախարարության նախաձեռնած քայլերը
-Ինչպիսի՞ն էր ընթացիկ տարին նախարարության համար՝ ոլորտի խնդիրները լուծելու առումով:
Նախարարությունը փորձում է Հայաստանի բոլոր տարածքներում ներդրումային ծրագրեր մշակել, դրանք իրականացնելու համար գտնել համապատասխան ներդրողների: Այդ նպատակով նախարարության կազմում ստեղծել ենք կառուցապատման ներդրումային վարչություն, որի գործառույթների շրջանակում է մարզերի եւ մայրաքաղաքի համար ներդրումային փաթեթների ստեղծումը: Այդ փաթեթները կկազմվեն այնպես, որպեսզի նպաստեն տվյալ տարածքների զարգացմանն ու հետաքրքիր լինեն ներդրողների համար:
Մյուս խնդիրը հանրային գերակա շահից տուժած եւ անօթեւան մնացած քաղաքացիներին կացարանով ապահովելն է: Նախարարությունն իր վրա է վերցրել այդ պարտավորությունը, եւ արդեն լուծումներ ենք գտել Կոնդի բնակիչների բնակարանային հարցը կարգավորելու համար: Այդ նպատակով կառավարությունն արդեն երկու որոշում է ընդունել: Այնպես որ եկող տարի Կոնդում կսկսենք կիսակառույց շենքի շինարարությունը, որը նախատեսված է ավարտել 2016թ. կեսերին: Որոշումը կայացվել է Կոնդի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ:
Նույնը տեղի է ունեցել նաեւ 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսու բնակիչների հետ, միասին փոխընդունելի լուծումներ ենք գտել, եւ 2015թ. վերջին Ֆիրդուսու 100-ից ավելի բնակիչների բնակարանային հարցը կլուծենք իրենց համար ընդունելի փոխհատուցման միջոցով:
Կարեւորել ենք նաեւ նախագծերի պետական փորձաքննության բացակայության հարցը: Հայաստանը ԱՊՀ երկրներում միակն է, որ տարիներ առաջ վերացրել է նախագծերի պետական փորձաքննության ինստիտուտը: Մենք լուրջ քայլեր ենք արել այն վերականգնելու համար եւ առաջիկայում կստեղծենք փորձագիտական հանրապետական կենտրոն:
Մեր մյուս արդյունավետ քայլերից է «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի մշակումը, որի կարեւոր նպատակներից է Փոքր կենտրոնի գերուրբանիզացման միտումների կանխարգելումը` քաղաքաշինական, հողօգտագործման, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական լծակների կիրառմամբ այնպիսի պայմանների սահմանման միջոցով, որոնք թույլ կտան կառուցապատողների ներդրումային նախաձեռնություններն ուղղել դեպի Երեւանի այլ տարածքներ:
Այդ օրենքով առանձին կետ ենք նախատեսել կենտրոնում սկսված, բայց այդպես էլ չավարտված կիսակառույցների համար: Դրանց նախաձեռնած ընկերությունների նկատմամբ օրենքով պատժամիջոցներ են սահմանվել՝ պրոգրեսիվ հարկում: Եթե շենքը ժամկետում չկառուցվի, ապա կառուցապատողը լուրջ հարկային պատասխանատվության կենթարկվի: Ընդ որում՝ հարկերն ավելանալու են երկրաչափական պրոգրեսիայով:
Այնպես որ կառուցապատողը ստիպված է լինելու ընտրություն կատարել՝ կա՛մ արագ ձերբազատվել ձեռք բերած հողից ու կառուցապատման իրավունքից՝ նշաձողը հանձնելով ավելի պատասխանատու ու կարող կառուցապատողի, կա՛մ շինարարությունը ժամանակին ավարտել: Հակառակ դեպքում նա ֆինանսական մեծ կորուստներ է ունենալու: Սա կառուցապատողի՝ ստանձնած պարտավորություններից խուսափելու դեմ ամենաարդյունավետ ու փորձված գործիքն է, որ կիրառվում է աշխարհի շատ երկրներում:
Հարցերը ոլորտում շատ են, բայց եթե դրանց համակարգված մոտեցում ցուցաբերվի՝ հնարավոր կլինի լուծել: Այս տարին մեզ համար խնդիրների ամրագրման ու դրանց լուծման համար մեխանիզմների, ծրագրերի մշակման տարի էր: Եկող երկու տարին պետք է դառնան այդ մեխանիզմների ու ծրագրերի իրականացման տարիներ, եւ կարծում եմ, որ մենք տեսանելի արդյունքներ կունենանք:
-Ի՞նչ ճակատագրի արժանացավ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագիծը:
-Այդ ծրագրի իրականացման համար քաղաքապետարանը ժամանակին նախագծերի բաց մրցույթ էր հայտարարել: Բայց որքանով տեղյակ եմ՝ առաջարկների մեջ չեն եղել այնպիսիք, որոնք ընդունելի լինեին մրցույթի հանձնաժողովի կողմից: Ուստի դեռ հստակ որեւէ նախագիծ չկա:
Հանրապետության հրապարակի առաջնային խնդիրը ստորգետնյա կայանատեղիի կառուցումն է, եւ դա ամրագրված է Երեւանի գլխավոր հատակագծով: Այսօր աշխույժ քննարկումներ են ընթանում քաղաքապետարանում եւ քաղաքաշինության նախարարությունում՝ եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցելու խնդրով: Դրանք նախատեսված են լինելու մինչեւ 1000 մեքենայի համար:
Կայանատեղիները շատ լուրջ խնդիր կլուծեն մեքենաներով բեռնված քաղաքի համար, կվերանան նաեւ լուսաֆորային խաչմերուկները, որոնք լուրջ խցանումներ են առաջացնում հրապարակի տարածքում, իսկ անցումները կլինեն ստորգետնյա: Այսօրվա դրությամբ մշակվում է այդ կայանատեղիների ու անցումների կառուցման առաջադրանքը:
-Ե՞րբ կյանքի կկոչվի «Հին Երեւան» նախագիծը, եւ արդյոք այն իրագործելիս հաշվի կառնվի՞ ճարտարապետների դժգոհությունը նախագծից, որ «Հին Երեւանի» համար սխալ միջավայր է ընտրված:
-Հնարավոր չէ նշել որեւէ կառուցապատման ծրագիր որեւէ երկրում, որի համար դժգոհություններ եղած չլինեն: Նշանակալի բոլոր նախագծերի իրականացման ժամանակ միշտ ընդդիմադիրներ են հայտնվում, եւ դա բնականոն է. քաղաքը որեւէ մեկի սեփականությունը չէ, շահերն ու տեսակետները տարբեր են: Ուստի հնարավոր չէ, որ տարակարծություններ չլինեն: Նույնը վերաբերում է նաեւ «Հին Երեւանին»: Թողնենք ամեն ինչ ժամանակը դատի:
«Հին Երեւան» նախագծի մշակմանն ու հաստատմանը ես մասնակցություն չեմ ունեցել: Նախագիծը քաղաքաշինական խորհրդում դեռ 2005թ. լիակատար հավանության է արժանացել եւ հաստատվել է որպես Երեւանի գլխավոր հատակագծի մաս: Այն ժամանակ բոլորը միաբերան ընդունում էին նախագիծը, համարում, որ դա լավագույն լուծումն է պատմաճարտարապետական հնագույն կոթողների պահպանման եւ ներկայացման համար:
Իսկ հիմա, երբ այն իրականացնելու ժամանակն է եկել եւ մեծ դժվարությամբ կառավարության մակարդակով բանակցությունների արդյունքում պայմանագիր ենք կնքել ներդրողի հետ, մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում: Դա իրենց իրավունքն է ու իրենց տեսակետը: Բայց նախագիծը պետք է իրականացվի, նախատեսում ենք, որ եկող տարվա մարտին ծրագիրը կմեկնարկի:
-Մասնագետները նաեւ խոսում են, որ հին պատմաճարտարապետական շենքերի քարերը չեն պահպանվել: Այդ դեպքում դրանք ինչպե՞ս են վերականգնվելու:
-Շենքերի մի մասի քարերը կան: Մյուսներինը կվերականգնվեն՝ նախագծի համաձայն: Այնպես որ տարբերություն չի լինի հնի ու նորի միջեւ:
-Հանրահայտ Աֆրիկյանների շենքը ներառվա՞ծ է նախագծում:
-Իհարկե ներառված է: Այն գտնվելու է իր նախկին դիրքից մոտ 60 մ հեռավորության վրա: Մենք շենքը ապամոնտաժելու ժամանակ պաշտոնապես հայտարարել ենք, որ այն ամբողջությամբ վերականգնվելու է, ինչի համար պատասխանատու ենք:
-Ժամանակին եւ այսօր էլ նման դժգոհությունների առիթ էր Հյուսիսային պողոտան: Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ նախագիծը:
-Հյուսիսային պողոտան համարում եմ մեր քաղաքաշինության պատմության ամենանշանակալի էջերից մեկը: Եվ ոչ միայն. այն ամբողջ տարածաշրջանի հաջողված քաղաքաշինական նախագիծն է: Եվ այդ նախագծի ճիշտ գնահատականը կտրվի միայն 20-30 տարի հետո, ինչպես բոլոր մեծ նախագծերի դեպքում է:
Ժամանակին օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի կառուցման համար է մեծ դժգոհության ալիք բարձրացել: Հեղինակները ստիպված էին մի քանի անգամ դադարեցնել շենքի շինարարությունը: Նույնը եղել է Սայաթ-Նովայի, Բաղրամյան փողոցների շինարարության ժամանակ. դրանք մեծ դժգոհությամբ են ընդունվել: Ասել է թե՝ բոլոր խոշոր շինարարական նախագծերը դժկամությամբ են ընդունվում: Բայց ժամանակն ամեն ինչ շտկում է:
-Մեր պատմամշակութային գոհարներից մեկը՝ Երիտասարդական պալատը, հողին հավասարեցվելուց հետո այդ վանդալիզմն արդարացվեց հսկայական գերժամանակակից ու բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմամբ: Սակայն մինչ օրս պալատի տեղում ոչինչ չի կառուցվել, փոխարենը այնտեղ հանք է գործում: Ինչո՞ւ:
-Դրա մեղավորը կառուցապատողն է, որը չի կատարում իր պարտավորությունները: Բայց երբ եկող տարի կառավարությունը կհաստատի պրոգրեսիվ հարկման մասին մեր մշակած օրենքը, կառուցապատողը ստիպված կլինի կա՛մ կառուցել շինությունը, կա՛մ հրաժարվել դրանից: Այդ ժամանակ մենք նոր կառուցապատող կգտնենք:
-Մի՞թե մինչ այժմ չկան պարտավորությունները չկատարող կառուցապատողների նկատմամբ տույժեր կիրառելու մեխանիզմներ:
-Կան, բայց դրանք այնքան թույլ են, որ կառուցապատողը նախընտրում է վճարել այդ տուգանքները, քան թե շենքի կառուցապատումն ավարտին հասցնել: Նոր օրենքով պատժամիջոցներն ավելի կոշտ ու անհամեմատ զգալի են լինելու: