Նախարար. “Այս տարվա ռազմավարությունը նպատակաուղղված է շինարարության կազմակերպման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը”
Այսօր ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստի բացումը:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ողջունելով հյուրերին նշեց,- Ճարտարապետների միջազգային միության կողմից սահմանված Ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985 թվականից: 1996 թվականից մասնագիտական այս տոնը նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը:
Փաստորեն, Հայաստանում այն նշվում է առաջին անգամ, ինչը նշանակում է` Հայաստանի Հանրապետությունը միացել է ճարտարապետների միջազգային մեծ բանակին` նշելու և յուրովի հաշվետվություն ներկայացնելու հանրությանը>>:
Նախարարը հույս հայտնեց, որ այսուհետ` ճարտարապետները ավանդաբար կնշեն իրենց մասնագիտական օրը` քաղաքաշինության նախարարության և Ճարտարապետների միության համատեղ ջանքերով` լիարժեք ներկայանալի դարձնելով ոլորտը, ոլորտում զբաղված մարդկանց և առկա բոլոր խնդիրները:
Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստի բացումից հետո ՀՀ քաղաքաշինության նախարարության <<Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ <<Երևանյան ճարտարապետական Բիենալե-2014>> մրցույթ-ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Բացման խոսքով հանդես գալով ՀՀ քաղաքաշինության նախարարը նշեց,-<<Ճարտարապետությունը ցույց է տալիս, թե որքան են մարդիկ սիրում իրենց երկիրը: Ճարտարապետները նվիրված մարդիկ են, ովքեր տասյանակ տարիներ, սերնդե-սերունդ փոխանցում են այդ արվեստը, որպեսզի մենք մեր ունեցածով կարողանանք համաքայլ քայլել>>: Նա կարևորեց առաջին անգամ անցկացվող երևանյան բիենալեն` հույս հայտնելով, որ այն մեր իրականության մեջ ավանդույթ կդառնա. <<Երկու տարին մեկ Երևանում կկազմակերպվեն ճարտարապետական բիենալեներ` նպաստելով մեր ինքնության կարևոր գործոններից մեկի` հայ ճարտարապետության քարոզմանն ու հանրահռչակմանը, դառնալով յուրահատուկ հարթակ ճարտարապետների աշխատանքների ցուցադրման համար>>:
Երևանյան բիենալեի բացմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ողջունելով հյուրերին նշեց, <<Հայ ճարտարապետությունը Հայաստանի համար պետք է դառնա բրենդ, այցեքարտ, բոլոր զբոսաշրջիկները պետք է գան Հայաստան՝ տեսնելու մեր անցած դարերի հզոր ճարտարապետների գործերն ու այսօրվա ճարտարապետների մտքի արգասիքը>>:
Տեղեկացնենք, որ բիենալեն կտևի երեք շաբաթ, և այդ ընթացքում ժյուրին կքննի աշխատանքները, որից հետո կհայտարարվեն հաղթողները: Ժյուրիի անդամները Հայաստանի ճարտարապետներն են` ՀՃՄ նախագահը, ՀՀ քաղաքաշինության փոխնախարարը, Երևանի գլխավոր ճարտարապետը, ինչպես նաև` սփյուռքի գործընկերները:
Հոկտեմբերի 6-ին, ավելի վաղ` գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել էր «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երիտասարդական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին:
Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հետ համատեղ։
Բացման արարողությանը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել էր, որ ինքն այն երջանիկ ճարտարապետներից է, որը Թորոս Թորամանյանի գործերը կարդացել է ամբողջությամբ և ոչ մեկ անգամ, հորդորելով ճարտարապետության ոլորտում ուսանող երիտասարդներին` ամենայն մանրամասնությամբ ծանոթանալ Թորամանյանի ժառանգությանը: