Կայացավ ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը
Այսօր տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի` 2014 թ. հունիսի 27-ի հրամանով ձևավորված` նախարարին կից կոլեգիայի անդրանիկ նիստը:
Նոր, ընդլայնված կոլեգիայի կազմում ներառված են ոչ միայն նախարարության պատասխանատուները, այլև ճարտարապետության և շինարարության բնագավառի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրության շրջանում հայտնի դեմքեր և մասնագետներ:
Օրակարգում քաղաքաշինության փոխնախարարների համառոտ զեկույցներն էին` ըստ ճյուղային ուղղությունների: Մասնավորաբար, ներկայացվեցին նախորդ 2 ամիսների ընթացքում նախապատրաստված ծրագրերն ու նախագծերը, մշակվող օրենքները, այդ թվում` անդրադարձ եղավ «Ճարտարապետական գործունեության մասին», «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքների նախագծերին, կառուցապատման թույլտվությունների տրամադրման կարգի ընթացակարգերի պարզեցմանն ուղղված նորամուծություններին, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանը, շինարարության բնագավառում նոր մոտեցումներին` պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, այդ համատեքստում նաև` աղետի գոտու ծրագրերի իրականացմանը և այլն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն իր ամփոփիչ խոսքում կարևորելով կոլեգիայի դերն ու նշանակությունը քաղաքաշինության ոլորտի համար, նշեց. «Ես կոլեգիան դիտարկում եմ որպես նախարարության բարձրագույն քաղաքական-մասնագիտական մարմին: Քաղաքաշինության բոլոր ուղղությունները մեր ուշադրության տիրույթում են լինելու: Ըստ իս, մեզ հաջողվել է ձևավորել կոլեգիայի բավական լուրջ կազմ` ուր ընդգրկված են ոլորտում հայտնի և փորձառություն ունեցող մարդիկ: Առաջարկում եմ` համատեղ, միասնական գործունեությամբ ներգրավվենք մեր ոլորտի խնդիրների լուծմանը»:
Նախարարը կոլոգիայի անդամներին առաջարկեց հետագա նիստերի օրակարգը ձևավորելու հարցում ևս ակտիվ մասնակցություն ունենալ, վստահեցնելով, որ առնվազն ամիսը մեկ կոլեգիայի նիստեր կգումարվեն: Նա առաջարկեց, որ մարզեր կատարվող այցերին նախարարության պաշտոնատար անձանցից զատ մասնակցեն նաև Ճարտարապետների և Շինարարների միությունների ներկայացուցիչները:
Տեղեկացնենք, որ կոլեգիայի անդրանիկ նիստին նախորդել էին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հանդիպումները Ճարտարապետների միության վարչության և Շինարարների միության անդամների, «Հայսեյսմշին ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի, «Հայնախագիծ» ԲԲ ընկերության ներկայացուցիչների հետ: