Տեսչական բարեփոխումների հարցը` ՀՀ կառավարության նիստի առարկա
ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում հավանության արժանացան ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Ս. Թադևոսյանի ներկայացրած հարցերը:
Հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում տեսչական բարեփոխումների իրականացման շրջանակներում քաղաքաշինության ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելու անհրաժեշտությամբ: Քաղաքաշինության բնագավառում ստուգման առարկա է հանդիսանում շինարարական օբյեկտը, իսկ ստուգումները պլանավորվում և կազմակերպվում են շինարարական օբյեկտի ռիսկայնության աստիճանի գնահատումից հետո»,- օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները ներկայացնելիս նշել է նախարարի պաշտոնակատար Ս. Թադևոսյանը:
Մեկ այլ որոշմամբ հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
«Որոշման նախագիծը թույլ կտա իրականացնել գնագոյացման ոլորտում խորհրդատվության և անհրաժեշտ այլ աշխատանքներ»,- նշել է Ս. Թադևոսյանը: