Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցները «Կարգավորման ազդեցության գնահատման» դասընթացի ավարտին ստացել են վկայականներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանն ու բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը մասնակցել են «Կարգավորման ազդեցության գնահատման» կիրառական դասընթացին, որի ավարտին ստացել են վկայականներ։
«Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականները շնորհել են ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։
Գեղամ Թովմասյանն իր ելույթում նշել է, որ կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ) փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման կարևորագույն տարրերից է. «ԿԱԳ համակարգի շարունակական զարգացումը առանցքային նշանակություն ունի որոշումների կայացման գործընթացի բարելավման և դրա արդյունավետության բարձրացման գործում, մասնավորապես՝ իրավական ակտերի մշակման ժամանակ շեշտադրումը ենթադրական մոտեցումներից դեպի ապացուցողական մոտեցումներ տեղափոխելով»:
Ջոն Ալելոն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նպատակն է տեղայնացնել ԿԱԳ իրականացման միջազգային լավագույն փորձը, աջակցել Հայաստանի պետական կառույցներին՝ մշակելու համապատասխան իրավական ակտեր և մեթոդական ուղեցույցներ, հզորացնելու ԿԱԳ իրականացնողների կարողությունները և խրախուսելու հանրային քննարկումները:
Իրենց տպավորությունները ներկայացրել են նաև դասընթացի մասնակիցները։ Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի դիտարկմամբ՝ ԿԱԳ-ը լավ գործիք է որոշում կայացնողների և քաղաքականություն մշակողների համար. «Հայաստանը փոքր երկիր է մեծ մարտահրավերներով՝ էկոլոգիականից մինչև աշխարհաքաղաքական, ինչը նշանակում է, որ ցանկացած չգնահատված ազդեցություն կարող է ոլորտի համար կործանարար լինել։ Հետևաբար այս դասընթացի շրջանակում ձեռք բերված գիտելիքները պետք է ամրապնդենք կիրառման փուլում՝ փոխանցելով նաև գործընկերներին»։
Դասախոսություններից և գործնական աշխատանքներից բաղկացած ԿԱԳ կիրառական դասընթացն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագիրն անցկացրել է 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. հունվար։ Մասնակցել են 10 գերատեսչությունների 54 աշխատակիցներ։