Պատմության և մշակույթի հուշարձան համարվող շենքերը մատչելի կդառնան հաշմանդամություն ունեցող անձանց համար
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագծին, որի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիությունը: Այդպիսով հաստատվել են նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը:
Ըստ այդմ՝ նախատեսվում է մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների՝ այդ թվում պատմության և մշակույթի հուշարձան համարվող շենքերի համար մշակել միջոցառումների ծրագիր՝ վերջիններս անհրաժեշտ նախագծային (կոնստրուկտիվ) լուծումներով համալրելու և բնակչության համար մատչելի դարձնելու նպատակով:
Կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառված են օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների շենքերը, Երևանի մետրոպոլիտենի կայարանները, ՀՀ երկաթուղային կայարանների, ստեղծագործական միությունների, թատրոնների շենքերը և այլն:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքների և կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի պահանջներից: