Նախարարի ելույթը շինարարների հետ հանդիպման ժամանակ
Հարգելի շինարարներ,
Շնորհակալ եմ մեր հրավերքին արձագանքելու համար, շատ հաճելի է հանդիպել շինարարության ոլորտի պրոֆեսիոնալ հանրության հետ և քննարկել մեր ոլորտում առկա խնդիրները:
Հավանաբար, դուք տեղյակ եք, որ մարտի 21-ի կառավարության նիստի ժամանակ, հանրապետության վարչապետը խոսելով Ազգային վիճակագրական ծառայության հունվար-փետրվար ամիսների ցուցանիշների մասին` ընդգծեց, որ գրանցվել է երկնիշ տնտեսական աճ: Միաժամանակ, նա մտահոգություն հայտնեց շինարարության ոլորտում գրանցված ցուցանիշի առնչությամբ: 2012 թվականին մենք առաջին անգամ շինարարության ոլորտում կասեցրեցինք անկման միտումը և տարվա արդյունքներով արձանագրեցինք աճ, բայց հունվար-փետրվար ամիսներին, արձանագրեցինք անկում: Ուստի, կառավարությունը մեր առջև խնդիր է դրել շինարարության ոլորտում ապահովել տնտեսական աճի ցուցանիշը, որը ապահովելու համար կառավարությունը ոլորտին պատրաստակամ է ստարել պետական ծրագրերով:
Առաջարկում եմ այսօր բաց, ազատ խոսակցության ծավալել, իսկապես վերհանել գոյություն ունեցող հիմնախնդիրները, որպեսզի հասկանանք, թե պետությունն ինչով պետք է օժանդակի, մենք ինչ քայլեր պետք է ձեռնարկենք շինարարության ոլորտում աճի նորմալ, բնականոն ծավալները վերականգնելու ուղղությամբ: Նման քննարկումների արդյունքում կարող ենք ստանալ հստակ առաջարկությունների փաթեթ: Կառավարության նիստի հանձնարարականի համաձայն, առաջարկությունները կքննարկենք էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և Կենտրոնական բանկի հետ, կձևակերպենք շինարարության ոլորտին պետական աջակցության ձևաչափը և դիմելով կառավարությանը` կստանանք այդ աջակցությունը: Այս հանդիպման ընթացքում, իհարկե, կքննարկենք ձեր բանավոր առաջարկությունները, բայց կխնդրեի դրանք տասնօրյա ժամկետում գրավոր ներկայացնել քաղաքաշինության նախարարություն:
Մեր հանդիպման երկրորդ հատվածում, նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը կներկայացնի այն նոր մոտեցումները, որ նախարարությունն ամրագրել է մրցույթների անցկացման գործընթացում: Քաղաքաշինության ոլորտում պետական գնումների կազմակերպման գործընթացի նկատմամբ մենք խստացրել ենք վերահոսկողական մեխանիզմները: Քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների և շինարարական աշխատանքների նկատմամբ իրականացվել է ամենօրյա օպերատիվ հսկողություն, ապահովվել է մրցույթների բաց և թափանցիկ անցկացումը, կիրառվում է մրցույթների հայտերի ներկայացման էլեկտրոնային տարբերակը: Միայն մի փաստ կուզենայի առանձնացնել, 2012 թվականին իրականացված շինարարական ծրագրերի շրջանակներում արձանագրվել է 987.0 մլն ՀՀ դրամի չափով տնտեսում, որը կազմում է ընդհանուր ծավալի շուրջ 15 տոկոսը: Այդ տնտեսումները հիմ¬նա¬կա¬նում գոյացել են արդեն նշածս վերահսկողական մեխանիզմների խստացման, պայմանագրային ծավալաթերթ-նախահաշիվների ճշգրտման արդյունքում առաջացած տարբերություններից, ինչպես նաև կապալառուների նկատմամբ կիրառված և գանձված տույժերից ու տուգանքներից:
Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք: