Տավուշի մարզպետարանում կայացել է մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շնորհանդեսը
Տավուշի մարզպետարանում կայացել է մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շնորհանդեսը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, համայնքների ղեկավարները, Քաղաքաշինության կոմիտեից քննարկմանը մասնակցել են Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը։
Շնորհանդեսին առցանց միացել և բացման խոսքով հանդես է եկել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:
Ներկայացվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվում են մարզերի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը, որի նպատակն է ՀՀ բոլոր բնակավայրերը ողջամիտ ժամկետում և առանց համայնքների վրա լրացուցիչ բեռ առաջացնելու ապահովել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: Հանդիսանալով բազմադիսցիպլինար փաստաթուղթ` այն առնչվում է մարդու կենսագործունեության համար տարածքների բարենպաստության բնորոշմանը, մարդու հիմնական կարիքների՝ բնակության, աշխատանքի և հանգստի համար առավել բարենպաստ տարածքների սահմանազատմամբ։ Այդ գործընթացում կարևորվում է նաև մարդու անվտանգ ու ապահով միջավայրի ձևավորման գրավականը և շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցության ապահովումը՝ առաջադրելով նաև միջոցառումներ այդ ազդեցությունները մեղմելու և նվազագույնի հասցնելու ուղղությամբ։
Տարածական պլանավորման ծրագրային փաստաթղթերի նման ծավալով մշակման առաջին փորձն արվել է Տավուշի մարզի համար։ Նախագիծը ենթարկվել է քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համալիր փորձաքննությունների: ՀՀ Տավուշի մարզի միկրոռեգիոնալ համակցված փաստաթղթերի փաթեթները (թվով 6 փաստաթուղթ) ստացել է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և հաստատվել գլխավոր հատակագծի մասով համայնքների ավագանիների որոշումներով, իսկ տարածքային հատակագծման մասով` մարզպետի կարգադրությամբ:
Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նշանակությունը առավելապես կարևորվեց մարզային զարգացման ծրագրի (ՄԶԾ) հետ համադրելու, համահունչ դարձնելու և մարզի հեռանկարային զարգացման որպես մեկ ամբողջական փաստաթուղթ գործողության մեջ դնելու տեսանկյունից: