Այցելություն Կապանի թիվ 2 դպրոցի եւ Սյունիքի պետական քոլեջի շինհրապարակ
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը Սյունիք կատարած այցի շրջանակներում մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ այցելեց նաեւ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ եւ Կապանի թիվ 2 ավագ դպրոց:
Նախարար Ս. Թադեւոսյանի գլխավորած աշխատանքային խումբը շրջայց կատարեց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի արդեն հիմնանորոգման աշխատանքների փուլում գտնվող 3-րդ եւ 4-րդ հարկերում: Տեղում ծանոթացավ 1-ին եւ 2-րդ հարկերի իրավիճակին` որոշեց այդ հարկերում հիմնանորոգում իրականացնելու հարցով դիմել կառավարությանը: Հաշվի առնելով մասնագետների տեսակետը` դպրոցի հետագա շինաշխատանքները կսկսվեն շենքի ուժեղացման աշխատանքների ավարտից հետո:
Պարոն Թադեւոսյանը ծանոթացավ նաեւ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ Կապանում կառուցվող թիվ 2 ավագ դպրոցի շինարարության ընթացքին: Ընդգծելով քաղաքաշինության նախարարության համար դպրոցաշինության առաջնայնության հանգամանքը` նախարարը նշեց, որ ֆինանսական միջոցներ կտրամադրվեն դպրոցի տարածքում գտնվող մարզադահլիճի վերանորոգման համար: Նախարար Թադեւոսյանը մարզպետ Ս. Խաչատրյանի հետ քննարկեց նաեւ այդ տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանի տեղափոխման խնդիրը: Մասնավորապես, պայմանավորվածություն ձեռք բերվեց ենթակայանի նոր շենքի կառուցման խնդիրները կարգավորել քաղաքաշինության նախարարության, իսկ ենթակայանի սարքավորումների խնդիրը` Սյունիքի մարզպետարանի միջոցներով: