Երևանի հին թաղամասերից՝ Կոնդի ապագան, ուշադրության կենտրոնում
Երևանի հին թաղամասերից՝ Կոնդի ապագան, որպես քաղաքի պատմական թաղամաս, մշակութային հուշարձան և ապրող միջավայր, այլևս ճարտարապետների ու հասարակության ուշադրության կենտրոնում է: Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի նախաձեռնությամբ, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի, Գուրգեն Մուշեղյանի, Հրաչյա Պողոսյանի, Կարեն Բալյանի, Սաշուր Քալաշյանի, Արշավիր Աղեկյանի, Հովհաննես Սանամյանի, Սուրեն Մելիք Քարամյանի, Աշոտ Սաժումյանի, Զառա Ամիրաղյանի, Անուշ Տեր-Մինասյանի, Արամ Բաբաջանյանի, Աշոտ Գրիգորյանի, Շողիկ Ամիրխանյանի և այլ ճարտարապետների մասնակցությամբ, քննարկում է տեղի ունեցել: Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում իրենց խոսքն են ասել Կոնդի բնակիչները, պատմաբաններ, նաև երիտասարդ ճարտարապետները, ուսանողներն ու սրտացավ այլ քաղաքացիներ: Ներկաները դիտել են ռեժիսոր Հարություն Խաչատրյանի <<Կոնդ>> ֆիլմից մի հատված, Կոնդից լուսանկարներ, էսքիզներ, սխեմաներ և այլ նյութեր: Կոնդի պահպանման, զարգացման և վերաարժևորման վերաբերյալ ոլորտի գիտակները հնչեցրել են տարատեսակ կարծիքներ, առաջարկություններ, կիսվել իրենց մտահոգություններով: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը վերահաստատել է, որ այս հարցում միանձնյա որոշում չի կայացվի և խնդիրը կլուծվի համակողմանի դիտարկման, հասարակական լայն քննարկումների արդյունքում և հետագայում հայտարարվող մրցույթի միջոցով: Նա կոչ է արել մի կողմ թողնել միջանձնյա տարաձայնությունները և միահամուռ ուժերով կերտել Կոնդի ապագան: