Մեթոդական աջակցություն պատվիրատուներին՝ շինհրապարակների պատշաճ կազմակերպման նպատակով
Շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպմանը նպաստելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության համակարգմամբ Քաղաքաշինության կոմիտեն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ անկացնում են հեռավար դասընթացներ` պետական և տարածային կառավարման մարմինների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի մասնագետների համար:
Ֆինանսների նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում պետական գնման պայմանագրերի օրինակելի ձևերում պատվիրատուներին լիազորվել է շինհրապարակների կազմակերպման կանոնների խախտման դեպքում տույժեր սահմանել շինարարական աշխատանքներ կատարողների և տեխնիկական հսկողների նկատմամբ: Նոր լիազորությունները գործնականում կիրառելի դարձնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն մշակել է մեթոդական ցուցումներ, որոնց հիման վրա պատվիրատուներին մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ կազմակերպվում են դասընթացներ։ Դա կնպաստի, որ միայն տեխնիկական հսկողի անձնական պատասխանատվությանն ապավինելու փոխարեն՝ պատվիրատուն, գործող օրենսդրության պահանջներին տիրապետելով, կարողանա պատշաճ համակարգել շինարարության կազմակերպման ընթացքը:
Ավելի քան մեկ ամիս տևողությամբ դասընթացին մասնակցում են 53 մարմնի ներկայացուցիչներ: Քաղաքաշինության կոմիտեից դասերն անցկացնում է շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը: