Մեկնարկել է էներգաարդյունավետության հարցերի լուծմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստական փուլը
Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները մասնակցել են էներգաարդյունավետության վերաբերյալ Երևանում անցկացված միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից:
Աշխատաժողովով մեկնարկում է ««Շինարարական արդյունաբերության գլոբալ մատակարարման շղթայի և դրա արտադրանքի էներգաարդյունավետության բարելավում հանուն բարձր արդյունավետությամբ շենքերի կառուցման» ծրագրի նախապատրաստական փուլը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի Կլիմայի միջազգային նախաձեռնության կողմից: Ծրագրի նպատակն է ձևավորել ամուր հիմքեր լավագույն փորձի, մեթոդների և տեխնիկական կարողությունների զարգացման համար, որոնց կիրառությամբ ծրագրի շահառու երկրները կկարողանան բարելավել շենքերի էներգաարդյունավետությունը և նվազեցնել կուտակված ածխածինն ու էներգիան՝ ի նպաստ երկրների զարգացման:
Աշխատաժողովի մեկնարկին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն իր ելույթում կարևորել է էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրի իրականացումը և հայտնել կոմիտեի պատրաստակամությունը՝ որպես ծրագրի ազգային պատասխանատու գործընկեր՝ ներդնելու բոլոր ջանքերը ծրագրի հաջողման համար. «Շինարարությունը տնտեսության այն ճյուղերից է, որն իր զարգացմանը զուգահեռ առաջ է տանում շինարարական նյութերի արտադրության, ներմուծման, մատակարարման ճյուղերը: Հաշվի առնելով ներկայում շինարարության տեմպերը Հայաստանում՝ հույս ունենք, որ այս փուլում ծրագրի իրականացումը կնպաստի ավելի բարձրորակ, էներգաարդյունավետ նյութերի արտադրությանը և կիրառմանը շինարարության ոլորտում: Միջազգային կառույցների և այլ երկրների հետ գործակցության արդյունքում կոմիտեն նաև հնարավորություն կունենա մշակելու և կիրառության մեջ դնելու արդի պահանջներին համապատասխան քաղաքաշինական նորմեր ու հեռանկարային փաստաթղթեր»:
Աշխատաժողովին մասնակցել են ծրագրի շահառու 7 երկրների ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնակիցներ՝ մասնավոր հատվածից, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովից (ՄԱԿԵՏՀ), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրից (UNEP), Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, Գերմանիայի զարգացման գործակալությունից (GIZ), Համաշխարհային բանկից:
Ծրագրին միացած երկրները ներակայացրել են էներգաարդյունավետության միջոցառումների վերաբերյալ իրենց փորձը՝ ուշադրություն հրավիրելով ընթացիկ կարիքներին և ծրագրից իրենց ակնկալիքներին:
Աշխատաժողովի մեկնարկի նախօրեին ծրագրի կազմակերպիչներն այցելել են Քաղաքաշինության կոմիտե՝ մանրամասն ներկայացնելու ծրագրի հիմնական ուղղությունները և դիտարկելու գործակցության հեռանկարները: