Մատակարար կազմակերպությունների հետ քննարկվել է urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը
Urban.e-gov.am հարթակի միջոցով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վի Իքս Սոֆթ» ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Մատակարար կազմակերպություններին ներկայացվել են ՀՀ կառավարության 2015թ . 596-Ն որոշմամբ և ՀԾԿՀ նախագահի հրամաններով նախատեսված ընթացակարգերով urban.e-gov.am թվային հարթակում առաջնորդվելու սկզբունքները։ Կարևորվել է գործառույթները պարզեցնելու, ժամկետները հստակեցնելու և մատակարար կազմակերպությունների կողմից իրականացվող որոշ գործառույթներ ևս համակարգում արտացոլելու նպատակով հետագայում օրենսդրական փոփոխությունների նախատեսումը։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկել են նախագծերի նախնական համաձայնեցման փուլը նույնպես ներառել հարթակում։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ 4 մարզերում urban.e-gov.am հարթակի կիրառության ընթացքում հանդիպող տարբեր իրավիճակներն ու մատակարարներին հետաքրքրող հարցերը, դիտարկվել գործընթացի բարելավման վերաբերյալ առաջարկներ։ Ուշադրություն է դարձվել նաև թվային հարթակում ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի /ձև 3-2-1/ տրամադրման փուլում ներգրավված կառույցների գործառույթներին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։