Կառավարությունը շուրջ 1.5 մլրդ դրամ կհատկացնի մի շարք օբյեկտների շինարարական աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի պայմանագրերի ֆինանսավորման համար
Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում ընդունել է որոշում, որով վերաբաշխման միջոցով գումար կհատկացվի մի շարք կրթական ավարտված և ավարտական փուլում գտնվող, նոր մեկնարկող և ընթացող օբյեկտների շինարարական աշխատանքների, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի պայմանագրերի ֆինանսավորման համար:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հստակեցրել է՝ ցանկում ներառված ծրագերի ընթացքը։ Միաժամանակ տեղեկացրել է, որ որոշման ընդունմամբ ֆինանսավորում է հատկացվում՝ նաև «300 դպրոց» ծրագրի հաջորդ շրջափուլի մի խումբ դպրոցների նախագծման աշխատանքները մեկնարկելու համար։
Ըստ հիմնավորման՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական հաստատությունների շինարարությունն ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների (3 մանկապարտեզի կառուցման, 1 դպրոցի կառուցման, 3 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման), շինարարությունը մեկնարկող նոր օբյեկտների (5 մանկապարտեզի կառուցման), տարեկան հատկացումներն ավելացվող ընթացող օբյեկտների (1 մանկապարտեզի կառուցման, 1 կրթահամալիրի կառուցման), նոր օբյեկտների հաշվարկային փաստաթղթերի (15 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի «Նախնական նախագիծ» փուլի մշակման) ֆինանսավորման, ավարտված և ավարտական փուլում գտնվող օբյեկտների չափագրման (9 մանկապարտեզի կառուցման, 5 դպրոցի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման), ինչպես նաև 1 դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման, 16 մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի լրամշակման և 1 թատրոնի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի գնման պայմանագրի մնացորդային արժեքի ֆինանսավորման համար անհրաժեշտ է հատկացնել շուրջ 1.5 մլրդ դրամ։
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/07/17/Cabinet-meeting/