Եղիազար Վարդանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում մասնակցել է աշխատանքային քննարկման
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդլայնված կազմով աշխատանքային քննարկմանը։

Հանդիպմանը ներկա էին նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Շինարարների միության ներկայացուցիչները, ՀԷՑ ՓԲ ընկերության գլխավոր տնօրինությունների ղեկավարները։
Քննարկման առանցքային թեման ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախօրեին ընդունած որոշումն էր, որով ազատականացվում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։

Նախկինում գործող կարգավորման պայմաններում նշված միացումների համար անհրաժեշտ կապալի աշխատանքներն իրականացվում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ արտապատվիրակելով այլ կազմակերպությունների, ինչն ինքնին բարդացնում էր գործընթացը:

Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի սեփական միջոցներով և ռեսուրսներով։

Արդյունքում միացման գործընթացը կդառնա առավել պարզ և ճկուն՝ նպաստելով բազմաբնակարան շենքերի էներգահամակարգերի՝ բաշխման ցանցին միացման աշխատանքների իրականացմանը ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև վերջիններիս համար տնտեսապես ավելի շահավետ պայմաններով:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տեխնիկական պայմանների տրամադրման նոր մոտեցումներին, կառուցված բաշխման ցանցի՝ ընկերությանը հանձնման կարգին, ինչպես նաև ոլորտում վարչական ընթացակարգերի պարզեցման և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։

Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը՝ կարևորելով պետական մարմինների, կառուցապատողների և էներգետիկ համակարգի ներկայացուցիչների միջև շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում տնտեսական ցուցանիշների ակտիվացմանը:
Ավելին՝ https://www.facebook.com/share/p/1Mj7WrzZ2g/?mibextid=wwXIfr