Բազմաբնակարան շենքերի կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ
Բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարմանը նպաստելու նպատակով շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց՝ կառավարիչների համար սահմանվել են մասնագիտական որակավորման պահանջներ: Կառավարությունը հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած որոշման նախագծին, որի ընդունումը բխում է տարեսկզբին ընդունված օրենքից:
Համաձայն սահմանված պահանջների՝ շենքերի կառավարիչները պետք է ունենան միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն, ինչպես նաև իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքներ, որոնք ձեռք կբերեն վերապատրաստման դասընթացների մասնակցելու կամ ինքնուրույն վերապատրաստվելու եղանակով: Ընդունված որոշմամբ սահմանվել են նաև կառավարիչների վերապատրաստման կարգը և իրավական այն ակտերի ցանկը, որոնց միջոցով իրականացվելու է այդ գիտելիքների փոխանցումն ու ստուգումը:
Դասընթացները կազմակերպելու է Քաղաքաշինության կոմիտեն՝ «Կրթության մասին» օրենքի համաձայն՝ բուհերի և կազմակերպությունների միջոցով: Վերապատրաստմանը կարող են դիմել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր պատրաստվում են զբաղվել կառավարչի գործունեությամբ: Թե՛ դասընթացի մասնակիցների, թե՛ ինքնուրույն վերապատրաստված անձանց գիտելիքներն ստուգվելու են թեստավորման եղանակով: Բավարար միավորներ չհավաքածները հնարավորություն կունենան մասնակցելու հետագա թեստավորումներին: Սակայն բավարար միավորներ չստացած, ինչպես նաև 2 տարվա ընթացքում վերապատրաստման չդիմած կառավարիչների տվյալները տրամադրվելու են համայնքներին՝ վերջիններիս նախաձեռնությամբ կառավարման մարմնի լիազորությունները դադարեցնելու հարցով սեփականատերերի ժողով հրավիրելու նպատակով:
Որոշմամբ նախատեսված են հարցաշարերի կազմման և հրապարակման, վերապատրաստման դասընթացների, թեստավորման անցկացման ու գնահատման, արդյունքների հրապարակման հետ կապված ընթացակարգերը:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, որից հետո կսկսվեն վերապատրաստման ծրագրերը: Մինչ այդ մեկնարկելու են հարցաշարերի կազմման և դասընթացների մշակման աշխատանքները:
Հիշեցնենք, որ այս կարգավորումները բխում են ՀՀ կառավարության ծրագրից և միտված են նպաստելու բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորմանը:
Տեսանյութը՝