Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քաղաքաշինության, բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի 84-րդ նստաշրջանին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում հոկտեմբերի 3-ից 6-ը մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քաղաքաշինության, բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի (Կոմիտե) 84-րդ նստաշրջանին:
Արմեն Ղուլարյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթղթի շրջանակում իրագործված ծրագրերը։ Հաշվի առնելով ներկա մարտահրավերները՝ նա ընդգծել է ՄԱԿ-ի ԵՏՀ աջակցությամբ նոր փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը, որը կգնահատի Հայաստանի քաղաքաշինության բնագավառում վերջին տարիներին կատարված աշխատանքները և կսահմանի համագործակցության հետագա ուղղությունները:
Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիասինի, ԵՏՀ-ի Կոմիտեի նախագահ Դորիս Անդոնիի, Կոմիտեի քարտուղար Գուլնարա Ռոլի հետ: «Երկրի նկարագիր» փաստաթղթի վերանայումից, նոր փաստաթղթի մշակումից բացի հանդիպումների օրակարգային մյուս հարցը վերաբերել է Հայաստանի տարաբնակեցման նախագծի և Երևանի գլխավոր հատակագծի մշակման շրջանակում ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ համագործակցությանն ու մասնագիտական խորհրդատվության տրամադրմանը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գերազանցության կենտրոն հիմնելու հնարավորությանը: Կենտրոնը կնպաստի բնակարանաշինության, խելացի քաղաքների կառուցման, քաղաքաշինության և հողերի կառավարման բնագավառներում լավագույն փորձի փոխանակմանը, կարողությունների զարգացմանը, ոլորտային հետազոտությունների և վերապատրաստումների իրականացմանը։
Դիտարկվել է նաև ԵՏՀ Կոմիտեի բյուրոյի կազմում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին ներգրավելու հարցը՝ նպաստելու համար նոր ծրագրերի ու նախաձեռնությունների համատեղ իրագործմանը։