Ճարտարապետները պահանջված են մասնավոր և պետական ծրագրերի շրջանակում. մի խումբ ճարտարապետներ պարգևատրվել են
Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և ոլորտի ներկայացուցիչներ։
Ժաննա Անդրեասյանը և Եղիազար Վարդանյանը հանձնել են Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ մի խումբ ճարտարապետների շնորհված մեդալները և շնորհակալագրերը։
Միջոցառման ժամանակ ամփոփվել են նաև Հայաստանի ճարտարապետների պալատի կազմակերպած «Ճարտարապետական ստեղծագործությունների 2025թ. ստուգատես-մրցույթի» արդյունքները։ Ներկայացված նախագծերի հեղինակներին շնորհվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ, որոնք հանձնել է Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։
Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նկատել է, որ Ճարտարապետների պալատի նախաձեռնած ճարտարապետական աշխատանքների ստուգատեսը հրաշալի առիթ է՝ ճանաչելու և արժևորելու մեր օրերում ապրող, ստեղծագործող ճարտարապետներին։ «Այսօր, ավելի, քան երբևէ, ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ Քաղաքաշինության կոմիտեն ձեր աջակցությամբ և ակտիվ համագործակցությամբ ձգտելու է նպաստել մասնագիտական գործունեության համար բարենպաստ միջավայրի կայացմանը»,-նշել է Եղիազար Վարդանյանը։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ճարտարապետական կրթության զարգացող դինամիկային և հուշարձանների պահպանման կարևորությանը։ «Ճարտարապետների աշխատանքը փոխում է հանրության կյանքի որակը, քանի որ քաղաքաշինական միջավայրը փոփոխության և զարգացման տեսլական է ապահովում՝ ընդլայնելով դրա իրագործման հնարավորությունները»,- նշել է նախարարը:
Միջոցառման ընթացքում մի խումբ ճարտարապետների փոխանցվել են նաև Երևանի քաղաքապետարանի պարգևները։
Ճարտարապետության համաշխարհային օրը յուրաքանչյուր տարի նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը։ Այդ առիթով նախորդ շաբաթ Ճարտարապետների պալատում կազմակերպվել էր ևս մեկ միջոցառում, որի ընթացքում ճարտարապետներին շնորհավորել էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մի խումբ ճարտարապետների հանձնել էր մասնագիտական տոնի առթիվ շնորհված Երևանի քաղաքապետարանի պարգևները։ Տեղի էր ունեցել նաև «Ճարտարապետական փառատոն 2024» գրքի (կատալոգի) շնորհանդեսը, և ներկայացվել էին ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանի աշխատանքները։
Բոլոր լուսանկարները՝ «Լուսանկարներ» բաժնում ։ ։