Շրջայց Արմավիրի մարզի շինհրապարակներում
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նրանք այցելել են Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 7 և Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցների, Շահումյանի, Արտիմետի, Արագածի, Ջանֆիդայի, Փշատավանի և Սարդարապատի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներ, ինչպես նաև Ջրառատ գյուղի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց, Արևիկ և Այգեվան գյուղերի մոդուլային մանկապարտեզներ։
Աշխատանքային այցի նպատակն էր հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, քննարկել շինարարական աշխատանքներում առկա խնդիրները։ Պաշտոնատար անձինք տեղում ծանոթացել են նախագծային լուծումներին, դիտարկել արձանագրված խնդիրների վերացմանն ուղղված քայլերը և ավարտված շինարարական օբյեկտների վիճակը, ինչպես նաև տվել աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ցուցումներ ու հանձնարարականներ։
Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդականը, պատասխանատուները, համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը ծրագրերի իրականացման պատասխանատու կազմակերպություններից պահանջել է պատշաճ որակով կատարել պայմանագրային պարտավորությունները։ Հաշվի առնելով, որ ծրագրերի բարեհաջող իրագործումը կախված է բոլոր մասնակիցներից՝ յուրաքանչյուրից ակնկալվում է սրտացավ և պատասխանատու վերաբերմունք։