Քաղաքաշինության կոմիտեն ընդունում է ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների լիցենզիաների ճանաչման հայտերը
Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման նպատակով։ Դեկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել 3 օրենքում կատարված փոփոխությունները (««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-374-Ն, 2023թ․), «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (ՀՕ-375-Ն, 2023), «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (ՀՕ-376-Ն, 2023թ․)։
Համաձայն այդ կարգավորումների՝ ԼՂ կազմակերպությունները կարող են պարզ ընթացակարգով ստանալ պետական գրանցում, ապա դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ պատասխանատու մասնագետի ներդիրով նոր լիցենզիա ստանալու համար։ Ստացված լիցենզիան գործելու է մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների և մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։ Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանալու։
ԼՂ կազմակերպությունները կոմիտեի info@minurban.am էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն դիմում և կցեն համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի՝ պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաև կարող են ներկայացնել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (վարչության պետ Նշան Մարտիրոսյան)՝ հետևյալ հեռախոսահամարներով․ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766: