Մասնագիտական տոների առթիվ շնորհված պարգևները փոխանցվեցին հասցեատերերին
Քաղաքաշինության կոմիտեում այսօր հյուրընկալել էին քաղաքաշինության բնագավառում նշանակալի վաստակ ունեցող մասնագետների։ Նրանց փոխանցվեցին Շինարարի և Ճարտարապետի տոների առթիվ ավելի վաղ շնորհված պարգևները։
«Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Ռուբեն Շախմուրադյանը Շինարարի տոնի կապակցությամբ, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել էր ՀՀ վարչապետի շնորհակալագրով, որը նրան փոխանցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը։
Ճարտարապետի օրվա և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, ճարտարապետության ու քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի, հուշարձանների պահպանության, հասարակական ակտիվ աշխատանքի, պետական անբասիր ծառայության, գիտամանկավարժական գործունեության համար Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով պարգևատրվել էին ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը և «ԻԿՕՄՕՍ Հայաստան» հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության Հայաստանի ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Գագիկ Գյուրջյանը։ Մեդալները նրանց հանձնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։
Կոմիտեի պատասխանատուները շնորհակալություն հայտնեցին մասնագիտության նվիրյալներին քաղաքաշինության բնագավառում իրենց ներդրման համար՝ մաղթելով ստեղծագործական նոր ձեռքբերումներ։