Նոր էլեկտրակայանի շինարարությունը՝ հնարավորինս արագ. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում
Կառավարության հավանությանն արժանացած՝ Երևան քաղաքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու և շահագործելու ներդրումային ծրագրի իրագործման նպատակով ՀՀ կառավարության, «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունների միջև կնքվել էր Շրջանակային համաձայնագիր:
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են եղել Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, Կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը, «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևը, ներկայացուցիչ Տիգրան Քրմոյանը, «Տետրակոնխ» ընկերության տնօրեն Միքայել Հասրաթյանը, «Արմփաուեր» ընկերության իրավախորհրդատու Վահան Հարությունյանը:
Կայանի շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ է, որ բավարարվեն Շրջանակային համաձայնագրի հավելված 2-ի 2-րդ բաժնով նախատեսված Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող այլ Հետաձգող պայմանները և տեղի ունենա ֆինանսական ամփոփումը, ինչի արդյունքում վարկային միջոցները հասանելի կդառնան Կառուցապատողին:
Քննարկվել են նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող և ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովների ձևավորման հետ կապված հարցերը: Կոմիտեն կարճ ժամկետում կհաստատի պետական համալիր փորձաքննություն իրականացող հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի նիստը կհրավիրվի նախագծային փաստաթղթերը ներկայացնելուց առավելագույնը եռօրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացնում է քաղաքաշինական, ճարտարապետական և լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը:

