ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի շնորհավորական խոսքն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ՏԱՆԻՔ ՈՒՆԵՆՔ ԵՎ ԱՅԴ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՀՆՉԵԼՈՒ
Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ.
Նոր տարվա շեմին՝ ջերմ խոսք ասելը հաճելի պարտավորություն է։ Առավել ևս, երբ այդ խոսքերն ունեն ամուր հենարան՝ խարսխված մեզ շրջապատող միջավայրն առավել ապահով ու անվտանգ տեսնելու նպատակի և թիմային աշխատանքի շնորհիվ այն իրականացնելու կամքի վրա։
Այս տարին բեկումնային էր բոլորիս համար։ Մարդկանց մեջ այն գիտակցությունը, որ կարող են ազդեցություն ունենալ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ իր կնիքը դրեց նաև քաղաքաշինության ոլորտում:
«Կա տարածություն, կա մարդ , կա երկինք և այդ տարածության մեջ կարևորը մարդն է։ Այդ սկզբունքով են կառուցել մեր պապերը։ Այդ սկզբունքով են կառուցվել մեր հուշարձանները»՝ մեր հեղինակավոր ճարտարապետներից մեկի այս խոսքերն առավել քան արդիական են՝ այսօր շրջադարձ է արվել դեպի այս գիտակցությունը, գործում են մարդակենտրոն զարգացման միտումները։
Ցանկանում եմ շնորհավորել հատկապես «մարդակենտրոն աշխատանքի» ամենօրյա նվիրյալներին՝ ճարտարապետներին, շինարարներին, կոնստրուկտորներին, քանդակագործներին․․․
Մարդիկ, որոնց աշխատանքի շնորհիվ մեր ընտանիքները տանիքներ ունեն և այդ տանիքների տակ ամանորյա շնորհավորանքներ են հնչելու։ Մարդիկ, որոնք կերտում են սերունդների գեղագիտական զարգացման վրա ազդեցություն ունեցող միջավայր, որոնք շենացնում են մեր հայրենիքը։
Քաղաքաշինության կոմիտեի բազմաթիվ անելիքների կենտրոնում նույնպես մարդն է՝ գյուղի, սահմանամերձ գոտու բնակիչը։ Նոր տարում կարևորագույն թիրախներն են լինելու գյուղական համայնքների, սահմանամերձ գոտիների քաղաքաշինական զարգացումն ու խոշոր քաղաքների ապակենտրոնացումը, երկրի տարածքային համամասնական զարգացումը:
Կենտրոնում մարդն Է՝ աղետի հետևանքով անօթևան մնացածը։ Մեր առաջնահերթ խնդիրներից է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների նկատմամբ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում պետական պարտավորությունները վերջնականապես իրականացնելը։
Կենտրոնում մարդն է՝ Քաղաքաշինության կոմիտեն նոր մոտեցումներ է ցուցաբերելու Երևանի և մյուս համայնքների կառուցապատմանը: Քաղաքների կենտրոնները չեն գերբեռնվելու, ծայրամասերն ու արվարձանները չեն մեկուսանալու:
Հիմա Հայաստանում նորից մի ժամանակաշրջան է, երբ օրենքի գերակայության պայմաններում հնարավորություն է տրվել քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում՝ իրար հետ փոխկապակցված: Այսօր մենք հնարավորություն ունենք ստեղծելու միջավայր, որի մասին տարիներ հետո սերունդները կխոսեն այնպես, ինչպես մենք` թամանյանական ժառանգության մասին:
Այդ միջավայրը միասին կերտելու մեկնարկը տրված է և այն իրականացնելու համար մեզ բոլորիս խաղաղություն եմ մաղթում:
