«Երկիրը պետք է ունենա պետական պլանավորում»․ կարևորել է Ավետիք Էլոյանը՝ Հայաստանի շինարարների միության համագումարում
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը մասնակցել են Շինարարների միության 4-րդ համագումարին։
Տիգրան Ավինյանը ողջույնի խոսքում նշել է, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել և ոտքի է կանգնում:
Շինարարության ընդհանուր ծավալները 2018 թվականի առաջին 10 ամսվա արդյունքներով՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 6,5 տոկոսով: Այդ թվում՝ պետական բյուջետային ֆինասնավորմամբ իրականացվող ծավալներն աճել են 25 տոկոսով:
Ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում՝ շեշտել է փոխվարչապետի պաշտոնակատարը:
Պետական մակարդակով քայլեր են ձեռնարկվում մարդկանց տանիք ունենալու և բնակարանային պայմանները բարելավելու իրավունքները կյանքի կոչելու ուղղությամբ: Մասնավորապես, դիտարկվում է երիտասարդ ընտանիքների համար նոր, արտոնյալ պայմաններ սահմանելու, ծրագրից օգտվելու համար տարիքային շեմն ավելացնելու, վարկի տոկոսադրույքներն իջեցնելու անհրաժեշտությունը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք էլոյանը, անդրադառնալով երկրաշարժի հետևանքներին, նշել է, որ քաղաքաշինության մեջ, վերջապես, պետք է կարևորել պատճառահետևանքային կապը․ «30 տարի առաջ, այդ պահին՝ գտնվում էի Աբովյան փողոցում, երբ լսեցի երկրաշարժի գույժը։ Իհարկե, մտքովս էլ չէր անցնում, որ երեք տասնյակ տարի հետո ղեկավարելու եմ մի ոլորտ, որը աղետի հետևանքները վերացնելու պատասխանատուն է լինելու»։
Ավետիք Էլոյանը նշել է՝ այսօր, ավելի քան երբևէ, յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե ինչ հետք է թողնելու իր գործունեությունը։
Այս առումով, քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը պետք է դիտարկել մեկ ընդհանուր համատեքստում՝ իրար հետ փոխկապակցված:
«Երկիրը պետք է ունենա պետական պլանավորում, ամեն մի թիզ հողը պետք է կառուցապատվի այս տրամաբանությամբ»։ Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ այսօր սա ամենակարևոր դրույթներից մեկն է։
Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը խոսել է շինարարությանն ու քաղաքաշինությանն առնչվող գործառույթները մեկ լիազոր մարմնում կենտրոնացնելու անհրաժեշտության, քաղաքաշինության ոլորտում պետական փորձաքննական կառույցի ստեղծման, մասնագիտական կադրերի կրթության որակի բարելավման, շինարարներին հուզող այլ հարցերի մասին:
Շինարարների միությունը մշտապես մասնակցել է օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին, քննարկումներին, հանդես եկել դաշտը բարելավելուն ուղղված հիմնավոր առաջարկներով։
Համագումարի ընթացքում շինարարներին միավորող կառույցը ընդունել է Միության նոր կանոնադրությունը, ընտրել խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի նոր կազմեր։
Գագիկ Գալստյանը վերընտրվել է Շինարարների միության նախագահի պաշտոնում:

